31/01/2026

Գործնականում Հնդկաստանը եւ Եվրամիությունը որքանո՞վ շահագրգռգված կլինեն նոր երթուղու գործարկմամբ

Հնդկաստանը և Եվրամիությունը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, տեղեկացրել է Asian News International գոևրծակալությունը։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Եվրամիության հետ այդ համաձայնագիրը կխթանի իր երկրի արտադրական և սպասարկման ոլորտների հետագա զարգացումը։

Ըստ Մոդիի, այդ պայմանավորվածությունը ներառնում է համաշխարհային ՀՆԱ-ի մեկ քառորդը և միջազգային առեւտրի գրեթե մեկ երրորդը։ Նա հավելել է, որ այդ համաձայնությունը մարդիկ անվանում են բոլոր պայմանավորվածությունների մայր։ Նա բնորոշել է, որ համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հնդկաստանի 1,4 միլիարդ և Եվրոպայի մի քանի հարյուր միլիոն բնակիչների համար։

Հնդկաստանը և Եվրամիությունը վերջին մեկ տարում մի քանի անգամ առևտրային և մաքսային լրջագույն խնդիրներ ունեն Միացյալ Նահանգների հետ։ Ազատ առևտրի մասին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն այս առումով ունի նաև քաղաքական նշանակություն, բայց ավելի կարևոր է բեռնափոխադրումների լոգիստիկան։

Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել Հնդկաստան-Իսրայել-Եվրոպա երթուղու շուրջ Թուրքիայի և Իսրայելի սուր մրցակցության մասին։

Դիտարժան է, որ նույն օրը, երբ Հնդկաստանի վարչապետը հայտնել է Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնության մասին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բարոն թուրք պաշտոնակից Հիդանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ապագայի հետ կապված հարցեր։

Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կարևորել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Նա այդ համատեքստում չափազանց մեծ նշանակություն է տվել սահմանների կրկնակի բացմանը, պետությունների ինքնիշխանության շրջանակներում տարածաշրջանի բարգավաճմանը։

Ֆրանսիան Եվրամիության առաջատար երկրներից է, որ վերջին շրջանում բավական լուրջ շփումներ է պահում Թուրքիայի հետ և կարևորում եվրոպական անվտանգության ապահովման գործընթացում Անկարայի ներգրավվածությունը։

Հարավային Կովկասի, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանների բացման և տարածաշրջանի բարգավաճման մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի դիտարկումները կարելի է որոշակի իմաստով գնահատել որպես Եվրամիության արտաքին քաղաքականության բաղադրիչ։

Հայաստանի հարավում հաղորդուղիների ապաշրջափակումը, նորերի ստեղծումը կարո՞ղ է Հնդկաստան-Եվրամիության ապրանքաշրջանառության լոգիստիկայի մաս կազմել։ Տեսականորեն դա միանգամայն հնարավոր է։

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի մասին քաղաքական և փորձագիտական շրջանակները վաղուց են խոսում։ Հայաստանը նույնիսկ սահմանել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը։

Գործնականում Հնդկաստանը եւ Եվրամիությունը որքանո՞վ շահագրգռգված կլինեն այդ երթուղու գործարկմամբ։ Շատ բան, երևի, կախված կլինի Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծումից։