27/01/2026

Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի Մոսկվա չգնալու, թաղապետարանում ծեծի, ընտրությունների ու նոր զարգացումների մասին

«Ես համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել և համարում եմ, որ, իհարկե, պաշտոնյան պետք է զսպի իրեն՝ չնայած ակնհայտ սադրանքին, չնայած ակնհայտ այդ նպատակն իրականացնելուն, և կարծում եմ, որ հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչակազմի ղեկավարի մասնակցութկամբ ծեծկռտուքի դեպքին:

«Ես չեմ ուզում ընդհանրական որևիցե բաներ ասել և իրոք շատ դժվար է այս իրավիճակում, երբ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ: Պետք է պետական պաշտոնյան ինքնատիրապետության զգոցղություն ունենա, իսկ երբ որ չի ունենում, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու կամ ինչ-որ ձևով դրան արձագանքելու»,- ավելացրել է Սիմոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար. «Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»:

Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ վարչապետը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու. «Մի քիչ ճիշտ չէ, որ ես ասեմ․ կարող է վարչապետը որոշել՝ չգնալ վերջին րոպեին կամ գնալ։ Չգիտեմ, հնարավոր է՝ քովիդով հիվանդանա, հնարավոր է՝ բոլորը քովիդով հիվանդանան։ Տեսնում եք՝ շատ երկրների ղեկավարներ հիվանդացան և չեն գնում, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը»։

Սիմոնյանը գտնում է, որ ՀՀ-ն պետք է մասնակցի այդ հանդիպմանը, քանի որ 1945թ․ հաղթանակի հարցում նաև Հայաստանը դերակատարություն ունի։ Ըստ Սիմոնյանի, այդ այցերը նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների հնարավորություն են։

«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերություններ են, ամեն ինչ պարզ է. դու արդեն իրենց հետ բարեկամ ես, և այդ հարցերը շատ հանգիստ կարելի է լուծել հեռախոսազանգով։ ՌԴ-ից ՀՀ իշխանությունների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են գալիս ամենաբարձր մակարդակով։ Բայց մենք պատրաստվում ենք ԱԳՆ նախարարի այցին ՌԴ, դաշնային խորհրդի ղեկավարի այցին։ Բա ինչի՞ են գալիս Հայաստան»,- ասել է նա։

Նա նշել է, թե կան խնդիրներ, և քաղաքական գործիչները պետք է ձգտեն դրանք լուծել. «Նեղանալ, դեմարշ անելը նույնպես իր տեղն ունի, բայց չես կարող երկրի մակարդակով կտրուկ ինչ-որ բաներ անել, ինչպես նաև՝ դու քո շահը պետք է հետապնդես»։

ՀՀ-ի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ. «Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես՝ հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ կողմից։ Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով, փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել, և դա, ասեմ, զգուշացնեմ՝ 2026թ․ ավելի է ակտիվանալու։ Եվ չեմ վախենում բարձրաձայնելուց՝ դա հակառակ ազդեցությունն է ունենալու, և ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկելու է»:

Հեղաշրջման վտանգի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ես որևէ մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին։ 2020թ. պատերազմի օրվանից սկսած՝ իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից ու կողմերից եղել է գերկարևոր նպատակ»։

Իսկ թե ինչո՞ւ են խոսում իշխանափոխության մասին, նա նկատեց. «Շատ վատ օրինակ կա՝ ետխորհրդային տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, և դա վատ օրինակ է։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ն պատմական իրադարձությունների բերումով իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, ինչը, բնականաբար, ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև ՀՀ-ն պետք է միշտ ինչ-որ կենտրոնից կախված լինի, պետք է որևէ դեմքով մեծ եղբայր ունենա և նայի ու մտածի՝ մեծ եղբայրը կամ գերտերությունը եթե չլինի, կուտեն, կուլ կտա»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչների սկսած իմպիչմենտը ակտիվացել է, քանի որ եկել է գարուն-ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածը․ «ՀՀ-ն ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները ևս ցույց են տալիս, որ իշխող ուժը առաջինն է հարցումներով, ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ։ Կարող եմ ասել և վստահ եմ, որ եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%: 2026 թվականին մոտ այս թվերը կարող են ավելի բարձր լինել»։