Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երեւանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում, Երեւանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք, ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ:
Սուրիկ Գրիգորյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եղբայրն է, երկար տարիներ ղեկավարել է համայնքը, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հեռացվել պաշտոնից։ Ի դեպ, օրեր առաջ նմանատիպ մի հայցադիմում էլ դատախազությունը ներկայացրել էր Արայիկ Գրիգորյանի հետ կապված:
«Հրապարակ»-ի հետ կարճ զրույցում Սուրիկ Գրիգորյանը, անդրադառնալով հայցադիմումին, ասաց․ «Ոչ ճիշտ որոշում են կայացրել։ Օրը կգա՝ կասեմ իմ ասածը։ Կարան շատ բան ասեն, հո իրենց ասածով չի՞»։
Հաշտության կգնա՞ք դատախազության հետ` զիջելով գույքի մի մասը։ Նախկին համայնքապետն արձագանքեց․ «Ես հաշտության չեմ գնացել, չեմ գնալու: Ի՞նչ հաշտություն, երբ ես մաքուր աշխատող եմ եղել՝ իմ ժամանակում։ Իրենց ախորժակով որ նայես, կուզեն սաղ փակեն, հետո՞, նորմալ մարդու վրա էլ դատախազությունը խաղեր է տալիս։ Ռեպրեսիաներով, շանտաժներով ինչ-որ բաներ ձեռք բերելը չի նշանակում, որ դա հաջողություն է իրենց համար։ Ես գումար չունեմ, որ տամ իրենց, իմ ունեցվածքն օրինական ձեռք բերված, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գույք է։ Ռեպրեսիայով, շանտաժով տանելով… արդեն բարդ գործ է իրենց համար։ Օրը կգա, մենք մեր ձեւով հանդես կգանք բոլոր այդ բռնացումների դեմ»։
Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումով եղբորից՝ Արայիկ Գրիգորյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից էլ պահանջում են բռնագանձել 5 անշարժ գույք՝ Երեւանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում։







Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…