27/01/2026

Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ

Հունվարի 27-ին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը։

Բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։

Ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։