«1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի նախաշեմին՝ 2025 թվականի ապրիլի 22-ին, Մոսկվայում տեղի է ունեցել գրող Գառնիկ Բանյանի՝ «Հիշողություններ մանկությունից և որբությունից» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը, հայտնում է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գիրքն իրական պատմություններ է ներառում հայ որբերի ճակատագրերի մասին, ովքեր 5-11 տարեկան հասակում Հայոց ցեղասպանության պատճառով հայտնվել են Օսմանյան կայսրության որբանոցներում։ Ամենամեծը՝ Անթուրայի որբանոցը, գործել է Լիբանանում, թուրքական վարչակարգի վերահսկողության ներքո։ Թուրքացման քաղաքականության շրջանակում հայ երեխաներին հարկադրել են հրաժարվել մայրենի լեզվից, հավատքից և ինքնությունից։ Սակայն, նույնիսկ ամենադաժան պայմաններում, հայ փոքրիկները գաղտնի շարունակում էին խոսել հայերեն, աղոթել մայրենի լեզվով և պահել իրենց ազգային ինքնությունը։
Չորս տարվա ընթացքում ընդամենը մեկ երեխա է համաձայնել ընդունել իսլամ, թեև թուրքական իշխանությունները հավատափոխներին առաջարկում էին բարենպաստ պայմաններ և լիարժեք սնունդ։
Բացառիկ այս տոկունությունը դարձել է ուսումնասիրության առարկա միջազգային առաջատար գիտական հաստատություններում, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանում։
«Հիշողություններ մանկությունից և որբությունից» գիրքն արդեն հրատարակվել է մի շարք երկրներում, և այժմ առաջին անգամ թարգմանվել է ռուսերեն։ Շուտով ընթերցողները կկարողանան այն ձեռք բերել նաև հայերեն տարբերակով։
Նախաձեռնությունն իրականացվել է «Ժառանգություն և առաջընթաց» մարդասիրական հիմնադրամի և «Անիվ» հայագիտության հիմնադրամի համագործակցությամբ՝ Արմեն Հեչոյանի և Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ։
Շնորհանդեսին մասնակցել են ճանաչված հայ և ռուս գիտնականներ, հասարակական գործիչներ և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Գիրքը շուտով հասանելի լինի նաև Հայաստանում»։







Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…