27/01/2026

Ռուսաստանն Ուկրաինայում ետքայլ կանի՞, որպեսզի Գլոբալ հարավում ռազմավարական պարտություն չկրի

Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը, «առանց ստորակետի փոփոխության», պնդել է ուկրաինական կարգավորման նախապայմանները և հատուկ շեշտել, որ այն պետք է հաշվի առնի «տարածքային ներկայիս իրողությունները»:

Նույն օրը պաշտոնապես հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը:

Անոնսավորված է Թրամփ-Պուտին հերթական հեռախոսազրույցը: Միացյալ Նահանգների նախագահը, ըստ երևույթին, կազդարարի ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդությունը դադարեցնելու մասին:

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի գրոհի ուկրաինական այն տարածքները, որտեղ Միացյալ Նահանգները պետք է հազվագյուտ մետաղաներ և այլ հանածոներ արդյունահանի:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի (Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու մասին) որոշումը Եվրամիության երկրների համար հստակ ազդակ է, որպեսզի մեծացնեն եվրոպական մատակարարումները»:

Նա կոչ է արել, որ ԵՄ երկրները ռազմական վարկեր վերցնեն և Եվրահանձանժողովի հսկողության ներքո սպառազինություններ գնեն: Իր հերթին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ասել է, որ եթե Միացյալ Նահանգները վերջնականապես դադարեցնի սպառազինությունների մատակարարումը, ապա դա «լուրջ անհաջողություն կլինի Ուկրաինայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար»:

Նա ԵՄ երկրներին կոչ է արել Ուկրաինայի տարածքում զարգացնել ռազմական արդյունաբերությունը, ինչպես նաև «արագացնել Եվրոպայի ռազմականացման գործընթացը»:

Հուլիսի 4-ին ծրագրված է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը: Որոշ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Զելենսկին պատրաստվում է Թրամփին խնդրել, որ սպառազինություններ վաճառի եվրոպական երկրներին:

Կարելի է կանխատեսել, որ Թրամփն այդ խնդրանքը չի բավարարելու: Փորձագետներն ասում են, որ ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրը «պարզապես չի հասցնում այնքան պահանջված սպառազինություններ արտադրել, որպեսզի բավարարի թե՛ Ուկրաինայի, թե՛ Իսրայելի պահանջները»:

Ասվածի ենթատեքստը, փաստացի, այն է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Մերձավոր Արևելքում «դեռևս կարևոր անելիքներ ունեն», և Ուկրաինայի հարցն արդեն երկրորդական է կամ այդ ծանրությունը վերապահվել է Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը: ԱՄՆ նախագահն, այդպիսով, կամա, թե ակամա, բայց նպաստում է, որ «նիրհած Եվրոպան արթնանա», որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը նրա «դռներն է բախում»:

Քաղաքական առումով Թրամփի հաշվարկը չափազանց պրագմատիկ է, աշխարհաքաղաքական մրցակցության «թատերաբեմը» Մերձավոր Արևելքն է, Գլոբալ հարավի «պորտը», իսկ եթե Եվրոպան Ռուսաստանից սպառնալիք է տեսնում, ապա թող «մկաններն ամրապնդի»:

Ռուսաստան-Եվրամիություն, Ռուսաստան-Մեծ Բրիտանիա մրցակցությունը սահմանափակում է մերձավորարևելյան «գործերին» նրանց միջամտության հնարավորությունները:

Այս առումով, երևի, դիրքորոշման վերանայման անհրաժեշտություն առաջին հերթին Ռուսաստանն ունի, որ ուկրաինական պատերազմի երեքուկես տարում մարդկային, նյութական, տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթական ահռելի կորուստներ է ունեցել՝ այնքան էլ հասկանալի չէ, թե՝ հանուն ինչի՞:

Որպեսզի իր սահմաններից հեռացնի ՆԱՏՕ-ին: Բայց այդ երեքուկես տարիներին Ռուսաստանն «իր քթի տակ» ՆԱՏՕ-ական ներկայություն է ստացել՝ ի դեմս Թուրքիայի:

Ռուսաստանը կարո՞ղ է երկու ճակատով պատերազմել: Գուցե նրա հնարավորություններն, իրոք, «անսպառ են», բայց Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներն արդեն լոյալ չի լինի: Հուլիսի 7-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն մեկնում է Վաշինգտոն:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը չի ավարտվել: Ավելի ճիշտ՝ դեռ չի սկսվել: Ռուսաստանն Ուկրաինայում ետքայլ կանի՞, որպեսզի Գլոբալ հարավում ռազմավարական պարտություն չկրի: Այլապես Ուկրաինայի դեմ հաղթանակը, որին այնքան փափագում է Վլադիմիր Պուտինը, կվերածվի «թակարդում ձրի պանրի»: