01/02/2026

ԱՄՆ-ի միջնորդությամբ նոր շրջանակի գծումը իր ազդեցությունն է ունենալու Իրանի հետ հարաբերությունների վրա

Վաշինգտոնում նախատեսված հանդիպումների նախօրեին Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում կանխատեսում են, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ նոր շրջանակի գծումը իր ազդեցությունն է ունենալու Իրանի հետ հարաբերությունների վրա:

«Թեհրանն այլևս չի էլ թաքցնում խիստ դժգոհությունն իր սահմանների երկայնքով ամերիկյան նախնական ներկայության հետ կապված»,- լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում ձևակերպել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Եթե խոսքն Իրանի հյուսիսային սահմաններին «ամերիկյան նախնական ներկայության» մասին է, ապա Միացյալ Նահանգներն այնտեղ է 2000-ականների սկզբից, բայց ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի տարածքում:

ԱՄՆ-ը շուրջ երկու տասնամյակ Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ փոխադրել է նաև Բաքվից, և ստեղծված ենթակառուցվածքներն ապամոնտաժելու թեթևամտություն ոչ ոք չի ունեցել, չունի:

Օգոստոսի 6-ին, երբ պաշտոնապես հաստատվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնում է Վաշինգտոն, Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին «Թեհրան» հեռուստաընկերությանը հարցազրույցում անոնսավորել է, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան:

«Վերջին մեկ տարում շատ մեծ նշանակություն է ունեցել հարևանների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը: Նախագահ Փեզեշքիանն այցելել է Իրաք, Ադրբեջան, Հայաստան կայցելի մեկ-երկու շաբաթից, նա եղել է նաև Թուրքմենստանում, Տաջիկստանում, Պակիստանում, Օմանում, Կատարում»,- ասել է Արաղչին:

Փաստը, որ Իրանի արտաքին գործերի նախարարը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է աշխարհագրական բավական լայն լանդշաֆտում, ինքին չափազանց խոսուն է:

Թեհրանի արտաքին քաղաքականության մեջ, սկսած անցյալ դարի 90-ականներից՝ Հայաստանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու պետական նպատակադրվածություն երբեք չի եղել, բայց, որքանով հասկացվում է Իրանի պաշտոնական հայտարարություններից, այնտեղ Հայաստանն ավելի է կարևորվում, քան հայաստանյան ընդդիմությունն է ներկայացնում:

Պարզ ասած, Իրանը ձգտում է գործ ունենալ ինքնիշխան երկրի հետ, իսկ հայաստանյան ընդդիմությունն, ընդհակառակը, Հայաստանը դիտարկում է որպես Իսլամական հանրապետության «կցորդ»: Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը նույնիսկ Իրանն անվանել է «տարածաշրջանային գերտերություն»: Դա այն դեպքում, երբ Թեհրանում արդեն բացահայտ խոստովանում են, որ երկիրն «աքցաններից ազատվելու գերխնդիր ունի»:

Իրանի նախագահը Հայաստան կայցելի Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովից հետո: Մինչ այդ նա մեկ ամսում երկու անգամ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Իսկ եթե հայ-ադրբեջանական՝ ամերիկյան մոդերացիայով կարգավորումը նաև Իրանի շահերի՞ց է բխում: