27/01/2026

Այս օրը խոսքը պետք է քայլի դանդաղ, գրեթե շշուկով․ Սիմոն Սարգսյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ Այո՛… այս օրը խոսքը պետք է քայլի դանդաղ, գրեթե շշուկով։

Այս օրը երկիրը խոսում է ցածր ձայնով։ Քաղաքների աղմուկը, եթե ուշադիր լսես, կարծես նոր փաթիլված ձյան սպտակ սավանի տակ քայլում է ոտքերի ծայրերի վրա՝ չարթնացնելու նրանց, ովքեր այլևս չեն արթնանա։

Նրանք մնացին՝ հողի մեջ, քարի մեջ, ծառի արմատում, մոր հայացքում, զավակի դեռ չհնչած բառի մեջ։ Մնացին որպես սահման, որը քարտեզի վրա չի նշվում, բայց ամեն օր պահում է մեզ կանգուն։

Նրանք գնացին ոչ թե հերոսանալու, այլ որովհետև Հայրենիքը կանչում էր առանց բառերի։ Գնացին այնպես պարզ, ինչպես մարդը գնում է տուն՝ երբ տունն այրվում է։

Այս օրը մենք չենք փնտրում բարձրախոսներ։ Այս օրը մեր լռությունն է խոսքը։ Լռություն, որի մեջ կա ցավ, բայց նաև երդում՝ չմոռանալ, չհանձնել, չփոխանակել հիշողությունը ոչ մի հարմարության հետ։

Խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր իրենց կյանքը չպահեցին իրենց համար, այլ թողեցին մեզ՝ որպես պարտք, որպես պատասխանատվություն, որպես շարունակություն։

Թող նրանց անունները չդառնան միայն քարերի վրա փորագրված տառեր։ Թող ապրեն մեր արդարության մեջ,
մեր դիմադրության մեջ, մեր արժանապատիվ խաղաղության որոնման մեջ։

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին։ Հավերժ հիշատակ։

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից