Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հանդես է եկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորման և Վաշինգտոնի հարաբերությունների մասին պարզաբանումներով:
Այդ մասին հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականը: Ամերիկացի դիվանագետը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական «ինքնավարությանը» երբեք «ռազմական աջակցության խոստում չի տվել ոչ արտաքին հարձակման, ոչ Սիրիայի կառավարական ուժերի հարձակման դեպքում»:
Ջեֆրին հստակ մատնանշել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ ԱՄՆ համագործակցությունը «միշտ կրել է իրավիճակային բնույթ և պայմանավորված է եղել Իսլամական պետության դեմ պայքարով»:
Ամերիկացի դիվանագետն, այդուհանդերձ, վերապահում է արել, որ ԱՄՆ-ը «կողմ չէ քրդական կազմավորումների լիակատար ոչնչացմանը»: Վաշինգտոնում գտնում են, որ այդ «ուժերը կարող են ինտեգրվել Սիրիայի կառավարական բանակին, ինչպես նաև տեղում ինքնակառավարում իրականացնել»:
Ջեֆրին, սակայն, Սիրիայում Իրաքյան Քրդստանի օրինակով ինստիտուցիոնալ ինքնավարության հաստատումը «իրատեսական» չի տեսել:
Այսպիսով, կարելի է ասել, որ Թուրքիային հաջողվել է Թրամփի վարչակազմից «Սիրիայի դեմոկրատական ուժերի» փաստացի ինքնավարությունը լուծարելու, քրդական զինված կազմավորումները լուծարելու «ինդուլգենցիա ստանալ»:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սիրիայի անցումային կառավարությունը սկզբունքային որոշումներ չի կայացնում, գործում է Անկարայի հովանու ներքո և թուրք պաշտոնյաների ուղղակի ցուցումներով:
Այս համատեքստում իսրայելական սոցիալական հարթակները տարածել են Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի ուղերձը, որ նա հղել է կոալիցիոն գործընկեր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Դու ասել ես, որ «աշխարհն ավելի մեծ է՝ քան հնգյակը»:
(Բահչելին նկատի է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների մասին Էրդողանի միտքը): Այսպես, Օմար իբն ալ-Խաթթաբը գրավել է Երուսաղեմը: Սալադին Այուբին նվաճել է Երուսաղեմը:
Սուլթան Սելիմ-Նվաճողը նվաճել է Երուսաղեմը: Աբդուլ Համիդը վերականգնել է Երուսաղեմը: Նրանք չորսն են: Իսկ ինչո՞ւ դու, նախագահ, չլինես հինգերորդը: Պատմությունը վկայում է, որ ով նվաճում է Դամասկոսը, նվաճում է նաև Երուսաղեմը»:
Այս կոչը Բահչելին հնչեցրել է մի իրավիճակում, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը կոշտ հայտարարություն է արել Իրաքի հասցեին, որտեղ, ըստ տեղեկությունների, քրդական ուժերը Սիրիա մտնելու և «ինքնավարությունը պաշտպանելու նախապատրաստություններ են տեսնում»:
Այլ աղբյուրներ հայտնել են, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ Մազլում Աբդին «հրամայել է բանտերից ազատ արձակել Իսլամական պետության զինառյալներին և նրանց ընտանիքների անդամներին», որ պահվում էին քրդական զինված ուժերի հսկողության ներքո:
Փաստացի Բահչելին Էրդողանին կոչ է արել ձևականություններին վերջ տալ և Սիրիայում ռազմական գործողություններ սկսել, Դամասկոսում հաստատել ամուր իշխանություն:
Այդ դեպքում Իսրայելը հարկադրված կլինի ետ քաշվել Գոլանի բարձունքներից և Սիրիայի հետ բուֆերային գոտուց: Իսրայելի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայությունը հավասարազոր է Երուսաղեմի ոչ փաստացի, բայց ռազմավարական անկմանը:
Էրդողանը Բահչելիի կոչին կարձագանքի՞:






Բաց մի թողեք
Թրամփի՝ սխալներով լի նամակը, Նորվեգիայի վարչապետին․ Լուսանկար
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփն արդեն իսկ ենթարկվում է սուր քննադատության
Իրանի շուրջ ճգնաժամի հաղթահարման օպտիմալ տարբերակ կլինի Ալի Խամենեի հեռացումը