01/02/2026

Պուտինին դավաճանելու համար ինչո՞ւ Ալիևը չի պատժվի, իսկ Հայաստանը «կպատժվի»

Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնության ընդդիմախոսների հակափաստարկը,- ընդ որում, այն նույնն է թե լիբերալների, թե ազգային-դաշնակա-նժդեհական ուժերի մոտ,- մեկն է. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական բեւեռների միջև մրցակցության թատերաբեմի»:

Սա նույնն է, եթե ասվի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը «տեղափոխում է տիեզերական ձգողության դաշտ», որովհետև Երկիր մոլորակի վրա գոյություն չունի մի տարածք, որտեղ ուժային կենտրոնները չեն մրցակցում:

Բայց դառնանք Փաշինյանի հակառակորդների կամ ընդդիմախոսների հակափաստարկի մեկնությանը: Նրանք ասում են, որ Ռուսաստանը և Իրանը «դիմադրելու են»: Նախ, սա Իրանի պարագայում հիխոթետիկ պնդում է:

Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային անցյալ շաբաթ առանց որեւէ «տողատակի» ասել է, որ Իրանը դեմ չէ Սյունիքում հաղորդուղիների գործարկմանը, եթե հաղորդակցությունը գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո:

Այս համատեքստում Իրանը ոչ թե ընդդիմադիր, այլ՝ շատ որոշակիորեն դաշնակցային դիրքորոշում է արտահայտում: Ռուսաստանի պարագան, իհարկե, խնդրահարույց է: Բայց Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական իդեա-ֆիքսը Միացյալ Նահանգների հետ «Յալթա-2» գլոբալ համաձայնությունն է, և նա Հարավային Կովկասի խնդիրը կարող է «փաթեթավորել» ուկրաինական պատերազմի արդյունքների իրավական ամրագրման շուրջ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններով:

Կովկասում պատերազմ սկսելու գործնական անհրաժեշտություն չկա: Մոսկվայում ստույգ գիտեն, որ այդ դեպքում Թուրքիայի հետ բախումն անխուսափելի է: Այս, ինչպես և ցանկացած այլ դիտարկումներ, անշուշտ, վիճելի են:

Այդ դեպքում Հայաստանին «սպառնացող վտանգը» դիտարկենք հակառակ կողմից: Եթե ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրում է Վաշինգտոն, ուրեմն հայ-ադրբեջանական կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ էական նշանակություն ունի: Ինչո՞ւ՝ բոլորովին այլ հարց է:

Եվ եթե առաջնորդվենք «տիեզերական ձգողության» կամ աշխարհաքաղաքական բեւեռների մրցակցության անխուսափելիության տեսությամբ, ապա հարց է առաջանում, իսկ ո՞րն է երաշխիքը, որ իր հրավերը Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվելու դեպքում Դոնալդ Թրամփը Հայաստանի չի դարձնի «ոտքի կոխան տարածք»:

Թրամփը իդեալիստ-պացիֆիստ- հումանի՞ստ է, չի՞ գնա Հայաստանի դեմ պատժիչ գործողությունների, թե այդ հնարավորությունը չունի՞: Եթե Թուրքիան, Ադրբեջանը և Իսրայելը Միացյալ Նահանգների ուղղակի կամ միջնորդավորված դաշնակիցներն են, երեքով Հայաստանի արյան ծարավի են, ապա իրերի ներկա դրությամբ ագրեսիայից նրանց ետ պահելու ավելի մեծ ռեսուրսներ ո՞վ ունի, Վլադիմիր Պուտի՞նը, թե՞ Դոնալդ Թրամփը:

Ցանկության մասին դեռ չխոսած: Պատասխանը, կարծես, ակնհայտ է, այսօր միջազգային-համաշխարհային «ասողը» Դոնալդ Թրամփն է: Բայց եթե անգամ վաշինգտոնյան հանդիպումը «կոնֆրոնտացիոն լիցքեր» ունի,ապա դրանք ինչու՞ պիտի բացառապես Հայաստանի դեմ լինեն:

Չէ՞ որ անցած ավելի քան երեք տարիներին Իլհամ Ալիևն է բազմիցս պնդել, որ արտատարածաշրջանային ուժերը Հարավային Կովկասի կարգավորման դերակատար չեն կարող լինել:

Պուտինին դավաճանելու համար ինչո՞ւ Ալիևը չի պատժվի, իսկ Հայաստանը «կպատժվի»: Ո՞րն է այդ մանտրայի «տրամաբանությունը»: