27/07/2024

Երևանը քննարկում է Եվրամիությանն անդամության թեկնածու լինելու հարցը

Ցանկանում ենք ավելի խորացնել հարաբերությունը Եվրամիության հետ, Երեւանում Կիպրոսի արտգործնախարարի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը:

Նրա խոսքը նշանակու՞մ է, որ Երեւանը քննարկում է Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակի համար դիմում ներկայացնելու մտադրություն կամ որոշում, դժվար է ասել:

Այդ մասին պտտվում են խոսակցություններ, ԱԺ նախագահը հայտարարում է, որ բացառված չէ, սակայն առավել հոդաբաշխ բացատրություն պաշտոնական Երեւանը դեռ չի տալիս: Չի բացառվում, որ Երեւանը բարձրաձայնել է այդ մասին՝ ԱԺ նախագահի մակարդակով, եւ սպասում է Եվրամիության արձագանքին, հասկանալու համար՝ տա՞լ ընթացք, թե՞ դադարեցնել այդ մասին խոսակցությունը:

Մեր ռեգիոնում ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ Վրաստանը՝ նախորդ տարեվերջին: Ընդ որում, Վրաստանին այդ կարգավիճակի տրամադրումը պայմանավորված էր թերեւս նրանով, որ հակառակ պարագայում Եվրամիությունը պարզապես կարող էր էապես կորցնել իր դիրքերն այդ երկրում, հաշվի առնելով ընդհանուր կովկասյան ռեգիոնի ճակատագրի հեռանկարները:

Միեւնույն ժամանակ, Եվրամիության պաշտոնյաները, նաեւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ անդամության մասին չի կարող խոսք լինել ավելի շուտ, քան 2030 թվականը: Այստեղ թերեւս հարցն այն չէ, որ պետք է անցնել ընթացակարգ:

Մակրոնի հայտարարությունը թերեւս այն մասին էր, որ Եվրամիության ճակատագիրն ինքնին բաց է եւ հայտնի չէ, թե ինչ տրանսֆորմացիաների կարող է ենթարկվել միությունը, որը այսօր ընդհուպ անցել է պատերազմի պատրաստվելու ռեժիմի:

Այդ պայմաններում, մտածել, թե Հայաստանի անդամության թեկնածուի կարգավիճակի դիմումը առանձնապես հետաքրքրելու է Եվրամիությանը կամ որեւէ էական դեր է խաղալու ԵՄ հետ իրական հարաբերության առումով, մեծ հաշվով թերեւս կլինի մոլորություն: Առավելագույնը, այդ հանգամանքը կարող է որեւէ մեկին հետաքրքրել Ռուսաստանի հանդեպ տրամադրության իմաստով, ինչը սակայն Հայաստանի համար չի կարող ունենալ գործնական օգգտակարություն:

Հայաստանը Եվրամիության հետ հարաբերության իմաստով գետնի վրա ունի բավականին ամուր, շոշափելի եւ առարկայական իրավա-քաղաքական փաստ ու հենք՝ ԵՄ հետ համապարփակ, ընդլայնված հարաբերության մասին պայմանագիրը, որ կնքվեց 2017 թվականին եւ վաավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրներում:

Եթե խոսք կա Հայաստան-ԵՄ հարաբերության առարկայական առաջընթացի եւ խորացման մասին, ապա առնվազն ներկայիս փուլում այդ պայմանագիրը լիարժեք բավարար է, եւ ավելին՝ այն ոչ միայն քաղաքական, այլ իրավական, այսինքն բավականին ուժեղ եւ անշրջանցելի փաստաթուղթ է թե Հայաստանի, թե ԵՄ համար:

Հետեւաբար, տարօրինակ կլինի, եթե Հայաստան-ԵՄ հարաբերության խորացման հռչակագրի ներքո հեռավոր պլան մղվի հարաբերությունը գետնի վրա զարգացնելու իրավա-քաղաքական, իրավական ուժ ունեցող փաստն ու մտնել առավելապես հռչակագրային փոխհարաբերությունների դաշտ: