23/12/2024

30-300 հազար դրամ կաշառք՝ նպաստի, 200-300 հազար դրամ՝ կենսաթոշակի համար. մեղադրվում են սոցծառայության պաշտոնյաներ

Բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն կենտրոնի աշխատակից Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար ստացել են 30.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն նույն մարզի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:

Վերը նշված եղանակով Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի տարբեր ամիսների ընթացքում Արարատի մարզի ևս 7 նպաստառուից որպես կաշառք ստացել են 30.000-50.000 ՀՀ դրամ՝ վերջիններիս սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու, վերագրանցելու, նպաստ ստանալը շարունակելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար:

Բացի այդ, Տ. Կ.-ն Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի բնակչից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Այսպես՝ Լ. Մ.-ն, քաջատեղյակ լինելով, որ հիշյալ քաղաքացուն վճարված նպաստի գումարը հետ գանձման ենթակա չէ, հետ գանձում կատարելու պատրվակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ, որը խաբեությամբ Տ. Կ.-ի հետ հափշտակել են: Պաշտոնատար անձ Լ.Մ.-ն նույն կերպ մեկ այլ նպաստառուից հափշտակել է 40.000 դրամ:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Հ. Ս.-ի կողմից կենսաթոշակառուներից կաշառք ստանալու երեք դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լ. Մ.-ն Արարատի մարզի երեք բնակչի տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 200.000, 250.000 և 300.000 ՀՀ դրամ, որոնց մի մասը փոխանցել է Հ. Ս.-ին:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Լ.Մ.-ն Տ.Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակիչներից մեկին որպես նպաստառու ձևակերպելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից ստացել է 20.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, որի մի մասը փոխանցել է Տ.Կ-ին:

Լ. Մ.-ին, Տ. Կ.-ին և Հ. Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել 15 դրվագ կաշառք ստանալու, խարդախություն կատարելու և ապօրինի վարձատրություն ստանալու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: