22/11/2024

Կրակել են, մահակներով հարվածել, նռնակ նետել․ Ֆուչիկի փողոցի զինված միջադեպի վարույթով 2 անձ է հետախուզվում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է օրեր առաջ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոց-Ֆուչիկի 1-ին նրբանցք խաչմերուկում հանդիպել են «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և «VAZ 21703-110-01» մակնիշների ավտոմեքենաներով տվյալ տարածք եկած Ա.Ղ.-ի և վերջինիս՝ դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ:

Ս.Ս.-ն, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կրվող հրազենով՝ լիցքավորված փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա.Ղ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն արձակված կրակոցների հետևանքով Ա.Ղ.-ին պատճառվել է սրունքի հրազենային վիրավորում:

Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:

Այդ ընթացքում վերջիններիս են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և Ս.Ս.-ի հետ դեպքի վայր ժամանած, դեռևս ինքնությունները չպարզված անձինք, ովքեր փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին:

Ա.Ղ.-ն ու Ս.Ս.-ն շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, որից հետո նրանց են մոտեցել Ա.Ղ.-ի՝ դեռևս ինքնությունները չպարզված կողմնակիցները և միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց խուլիգանական գործողությունները, հարվածներ են հասցրել Ս.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ընթացքում ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց, պատահական անցորդների և հարակից բնակելի շենքերի բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, քննության տվյալներով, Ս.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող անձին պատճառվել են բեկորային վնասվածքներ:

Նռնակի պայթեցման հետևանքով հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ս.Ս.-ի և Ա.Ղ.-ի միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս.Ս.-ն դեպքին մասնակից անձանց հետ դիմել է փախուստի, իսկ հրազենային վիրավորում ստացած Ա.Ղ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Ս.Ա.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Դատարան է ներկայացվել նրանց նկատմմաբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ևս բավարարվել են, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացվելու, իրավական գնահատական տալու ուղղությամբ, ինչպես նաև շարժառիթն ամբողջությամբ պարզելու նպատակով:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ էին հնչել Երևանում։ Կեսգիշերն անց բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել էին վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։

Դեպքի վայրում նաև հայտնաբերվել էին կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենան, որի վրա եղել է կրակոցի հետք։

Ավելի ուշ պարզվել էր, որ այն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան: Խանդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր, որ վնասված մեքենաներից մեկը իրեն է պատկանում, սակայն այն միջադեպի հետ առնչություն չունի: Նրա ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով:

«Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի»,- գրել էր նա:

Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել դեպքի առնչությամբ: