23/12/2024

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր օգնականը կալանավորվել է

Գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է:

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձին ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։

«Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- հավելեցին ՔԿ-ից:

Հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշել էր բավարարել այն. Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել: