27/07/2024

«ՌԴ-ն ազատում է Ռուբեն Վարդանյանին», հայերին մեղադրող ադրբեջանցին՝ «Դոժդի» եթերում․ շաբաթվա ադրբեջանական fake news-ը

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անցնող շաբաթ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հայկական թեմաների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունն ու ամփոփել մի շարք կեղծ ու հերքված լուրեր։ 

Ադրբեջանցու կեղծ մեղադրանքները հայերին՝ «Դոժդի» եթերում

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցավ    ահաբեկչական հարձակում, որի հետևանքով, ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 140 մարդ։

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքն ահաբեկչական հարձակման վերաբերյալ ուղիղ հեռարձակման  ընթացքում զրուցել էր համերգասրահի հնչյունային ռեժիսոր ներկայացող ականատեսներից մեկի հետ, որն ազգությամբ ադրբեջանցի էր։ Վերջինս ուղիղ եթերում պնդել էր, թե իբր ահաբեկիչները հայերեն էին խոսում։

Հատկանշական է, որ հեռուստաալիքի մեկնաբանն անմիջապես հակադարձել է ադրբեջանցուն՝ շեշտելով, որ նրա պնդումները որևէ տեղ հաստատված չեն։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, անմիջապես հերքելով «Դոժդի» եթերում հնչած տեղեկությունը, մտահոգություն հայտնեց, որ փորձ է արվում ՌԴ-ում հակահայկական տրամադրություններ հրահրել։

Ավելի ուշ էլ ադրբեջանցու տարածած ապատեղեկատվության համար ներողություն խնդրեց «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Դյադկոն․ նա իր ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանեց, որ «մինչև եթեր միանալը, նախնական հարցազրույցի ընթացքում այդ ադրբեջանցին որևէ նման բան չէր ասել, իսկ երբ նա հանդես էր եկել նման անապացույց մեղադրանքներով, հաղորդավարը հակադարձել էր և դուրս էր բերել նրան եթերից, այդ հատվածն էլ հանվել է հեռարձակումից»։

Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու մասին լուրերը

Մարտի 25-ին ադրբեջանական Azadlıq Qəzeti լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, հղում անելով սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում տարածվող լուրերին, գրեց, թե Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի ազատման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայի ու Բաքվի միջև։

Ավելի ուշ, սակայն, լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։

Ալյոնա Հայրապետյան