22/11/2024

Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան` Գորիսում ձերբակալել են

Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Մեր տեղեկություններով, սակայն, նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փորձեցինք Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից էլ իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։ Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան մեր հարցից, որ նման տեղեկություն ունենք, որից հասկացանք, որ Գալստյանն այստեղ է, ու, հնարավոր է, այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։