Հայաստանում դժբախտաբար դարձյալ շրջանառության մեջ հայտնվեց «աղետի գոտի» հասկացությունը, Լոռու ու Տավուշի մարզերում հեղեղումների հետեւանքով:
Բարեբախտաբար, խոսքն իհարկե իր ծավալով ու հետեւանքով անհամեմատելիորեն ավելի փոքր մասշտաբի աղետի մասին է, այլ ոչ այն ավերիչ երկրաշարժի, որի հետեւանքով աղետի գոտու էր վերածվել Հայաստանի գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը:
Այդուհանդերձ, հեղեղումների հետեւանքով Լոռու եւ Տավուշ մարզի որո7 հատվածներում կա մարդկային կորուստ՝ այս պահին հաստատված չորս զոհ, եւ կան մեծաթիվ ավերածություններ: Գործնականում, Լոռու մարզի մի շարք բնակաբայրեր հայտնվել են ենթակառուցվածքային արգելափակման մեջ, քանի որ քանդվել են ճանապարհներ, կամուրջներ: Անշուշտ, որեւէ երկիր ապահովագրված չէ տարերային աղետներից:
Հնարավոր չէ դրանք բացառել իսպառ: Բայց, հնարավոր է լինել դրանց պատրաստ, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, գործողություններ, որոնք հնարավոր կատակլիզմների պարագայում կնվազեցնեն հետեւանքները, կապահովագրեն զոհերից, թույլ կտան նվազագույն վնաս պատճառել ենթակառուցվածքներին:
Ակնառու է, որ Լոտու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցածի հետեւանքը կարող էր լինել զգալիորեն նվազ, եթե Հայաստանում գործեր աղետների կանխարգելման կենսունակ համակարգ: Օրինակ, վերջին մի քանի տարին հիմնանորոգվում էր Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, եւ ահա Դեբեդի վարարման հետեւանքով ջուրը ոչ թե ծածկել է ճանապարհը՝ դուրս գալով ափերից, այլ պարզապես քշել-տարել է հիմնանորոգված համարվող ճանապարհի մի հատվածը:
Դրանից բացի, բնակավայրերը կառուցված են գետի ափին, հետեւաբար ենթադրվում է, որ դրանցում պետք է կատարված լինեին հնարավոր հեղեղումների ռիսկերը նվազեցնելուն միտված ենթակառուցվածքային աշխատանքներ:
Միաժամանակ, տարերային աղետը ցույց տվեց, թե Հայաստանում որքան խոցելի է բնակավայրերի հաղորդակցության ենթակառուցվածքային համակարգը: Ավելին, անգամ միջպետական հաղորդակցության համակարգը: Անշուշտ, ամենից թանկը եւ ցավալին մարդկային կյանքերն են, որոնք հնարավոր չէ հետ բերել:
Աղետի հետեւանքով նյութական կորուստը անշուշտ կվերականգնվի, կգտնվեն դա անելու աղբյուրներ՝ թե ներքին, թե արտաքին: Բայց, պետք է առաջին հերթին քաղվեն դասեր, հատկապես կլիմայի փոփոխության ակնհայտ միտումների պարագայում, որ գլոբալ առումով տեղի է ունենում աշխարհում եւ արդեն մի քանի տարի նկատելի ու զգալի է նաեւ Հայաստանում:
Բաց մի թողեք
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի այցերը Բաքու ու Երևան, ինչ սպասել ․․․
Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC