«Սակայն չմտածված որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ամբողջական հասանելիություն ազգային տվյալների բազաներին, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկություններին, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը», Հայաստանի վերաբերյալ հայտարարում է ՌԴ արտգործնախարար Գալուզինը:
Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ պաշտպանական միասնական տարածության ձեւավորման առանցքային եւ առաջնային խոչընդոտն ու պատճառը ոչ թե Հայաստանի, այլ հենց Ռուսաստանի եւ ՀԱՊԿ «չմտածված» կամ, գուցե, ըստ ամենայնի միանգամայն մտածված քայլերն են, որոնք ըստ էության հիմնավորապես փոխել են Կովկասի ռեգիոնալ անվտանգության համակարգը: Կամ, ավելի շուտ, փլուզել այդ անվտանգության համակարգը, կազմալուծել դրանում Ռուսաստան-ՀԱՊԿ կայունացնող, կառավարող դերը: Հայաստանը գործնականում իր քաղաքականությամբ արձագանքում է այդ իրողություններին:
Անշուշտ, Հայաստանի արձագանքը հեռու է լիարժեք արհեստավարժ գնահատվելու աստիճանից, սակայն դա արդեն բոլորովին այլ խնդիր է, հենց Հայաստանին առնչվող խնդիր, որը խոշոր հաշվով կապ չունի «միասնական պաշտպանական տարածության» այն հանգամանքի հետ, որի մասին խոսում է Գալուզինը: Այդ հանգամանքի հետ կապված հարցերը նա թերեւս պետք է ուղղի հենց այն գերատեսչությանը, որը ներկայացնում է՝ ՌԴ արտգործնախարարություն, որը Կովկասում ռուսական քաղաքականության տապալման լիարժեք պատասխանատուն է, եթե իհարկե Ռուսաստանը համարում է, որ Կովկասում ունեցել է տապալում, այլ ոչ թե մեծ հաջողություն է գնահատում Թուրքիային եւ Իսրայելին Կովկաս մուտք գործելու եւ հաստատվելու հնարավորություն տալը: Այյդ իմաստով, Գալուզինի ձայնը դուրս է գալիս Լավրովի թողած «փլլատակների» տակից:
Ինչ խոսք, անգամ անհաջողություն կամ տապալում համարելու պարագայում, Մոսկվան չի խոստովանի այդ ամենը, կայսրությունները՝ ինչպիսին էլ լինեն դրանք, երբեք չեն խոստովանում իրենց ձախում կամ տապալում, այլ սովորաբար փնտրում են «մեղավորներ»: Ռուսաստանի համար դա Հայաստանն է: Միաժամանակ, պետք է իհարկե նկատել նաեւ, որ այդ «հարաբերակցությունից»,. Այսինքն փոխադարձ մեղադրանքների մեխանիզմի գոյությունից եւ աշխատանքից առանձնապես դժգոհ չէ նաեւ Երեւանը, որն իր հերթին այդ հանգամանքը օգտագործում է իր ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին ծառայեցնելու համար:
Վերադառնալով «միասնական պաշտպանական տարածքի» մասին գալուզինյան դիտարկումներին, հետաքրքիր կլինի օրինակ, թե Ռուսաստանը կամ դիցուք դրա արտգործնախարարությունն ինչպե՞ս, ինչպիսի՞ն են պատկերացնում այդ «միասնական պաշտպանական տարածությունը», դրա տրամաբանությունը, ընդգրկումը, թիրախները կամ ռիսկերի հնարավոր աղբյուրները, եւ այլն: Ըստ երեւույթին այդ պարագայում Գալուզինի, կամ որեւէ այլ խոսակցություն կդառնա արդեն առարկայական եւ կարեւորը՝ անկեղծ:
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին