16/07/2024

Ստեփանակերտի «մնացորդներին» ի՞նչ դերակատարում է վերապահվում …

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարին:

Նրա կարծիքով՝ «ռուսաստանյան եւ հայ ժողովուրդների մի քանի դար հաշվվող բարեկամությունը, որ ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ շրջանակներում ամրագրված է դաշնակցային հարաբերություններով, վաղուց Վաշինգտոնի աչքի փուշն է: Անդրկովկասյան հանրապետությունը եվրա-ատլանտյան ճամբար քաշելու համար զգալի ուժեր են ներդրված»։

Մեդվեդեւը «սակայն» համարում է, որ Հայաստանը «չպետք է գայթակղվի, նման խոստումները նորգաղութատիրական թակարդի խայծ են, ոչ ոք չի պատրաստվում բացել «ընտրյալների ակումբի» դռները։ Իսկ 2024թ. մարտին Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը պարզապես թուղթ է՝ առանց պարտավորության։ Ի վերջո, ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը խորհուրդ է տալիս «նայել նեոբանդերականների օրինակին» – ինչն էլ, ըստ ամենայնի, նրա հիմնական ասելիքն է։ Ովքեր Ռուսաստանի թելադրած խաղի կանոնները չեն ընդունում, նրանց սպասում է Ուկրաինայի ճակատագիրը։

Մեդվեդեւի հեղինակային հոդվածը հայտնի է, որ Բաքվի իշխանական կայքը հասանելի է, որ Ադրբեջանի երկօրյա այցի ընթացքում Բելառուսի նախագահը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են «պոստխորհրդային տարածքի անվտանգային նոր համակարգի ստեղծման հետ կապված հարցեր»:

Բաքուն, իհարկե, բաց տեքստով չի խոստովանում, որ Ալիեւը Վլադիմիր Պուտինին «ազնից կոմերիտականի երդում է տվել»: Դա արվում է մեկ ամիս հետո Աստանայում գումարվելիք՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողում «ՀԱՊԿ-ի գործունակության շուրջ քննարկումների մասին տեղեկացվածության» տեսքով, շեշտադրելով Ռուսաստանի նախագահ Պուտինի Մինսկ կատարած այցը։

Իսկ այդ մասին հայտնի է, որ Լուկաշենկոն Պուտինին դիմավորել է Ադրբեջանից «նոր գաղափարներով եւ առաջարկություններով»: Մենք ավելի վաղ կանխատեսել ենք, որ Ալիեւը ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին ուղղակի անդամակցությունը «պատվից ցածր է համարում», եւ մղվում է ավելի լայն աշխարհագրությամբ ինտեգրացիայի, բայց այնպիսի, որտեղ թուրքական պետությունները կունենան «վերահսկիչ փաթեթ»:

Մոսկվայում եւ Բաքվում, երեւում է, հասկացել են, որ Հայաստանի «դիստանցիան» պայմանավորված է  ռուս-հայկական «անհամատեղելիությամբ»` էպոխալ ընտրությամբ:

Հայաստանը չի կարող մաս կազմել, պայմանականորեն ասած՝ «Չինգիսխան-Մոսկովիա կայսրությանը», որտեղ նա առավելագույնը կարող է Կիլիկիայի թագավորության կարգավիճակ ունենալ: Մոսկվային կհաջողվի՞ «հպատակեցնել» Կենտրոնական Ասիան, ինչպես կհամատեղվեն Ռուսաստանի եւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, Չինաստանի եւ Թուրքիայի, Իրանի եւ «թուրանի» շահերը՝ մասնակիցների խնդիրն է:

Բայց որ, պայմանականորեն ասած՝ «նոր ՀԱՊԿ-ի նախագիծը», կոնֆրոնտացիոն ահռելի սպառնալիք է եւ հեռանկարում կարող է ասիական աշխարհը վերածել լայնածավալ պատերազմի թատերաբեմի, միանգամայն հնարավոր է:

Մեդվեդեւն ինչու՞ է Հայաստանին սպառնում «նեոբենդերականների ճակատագրով»: Եւ ինչու՞ հենց Բելառուսի նախագահի հասցեին Նիկոլ Փաշինյանի արդարացի քննադատությունից հետո է Արցախի «նախագահ» Սամվել Շահրամանյանը հայտարարել, որ «Պաշտպանության բանակը մինչեւ վերջին օրը ենթարկվել է Հայաստանի կառավարությանը», եւ ասում, որ ԱԺ-ում Փաշինյանի հայտարարություններն «իրականության հետ կապ չունեն»:

Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն «մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը», եւ ինքը չի կարող նույն կառույցում նույն մարդու հետ անվտանգային հարցեր քննարկել:

Սամվել Շահրամանյանը Բելառուսի նախագահին, ՀԱՊԿ-ին ապահովագրու՞մ է, լեգիտիմացնու՞մ է Ալիեւին, որ Արցախի հայաթափման պատճառն այնտեղ «Հայաստանի զինված ուժերի ներկայությու՞նն էր,»: Եւ ինչու՞ է ասում, թե «բացահայտումներ կանի, որ սպառնում են Հայաստանի եւ նրա պաշտոնյաների անվտանգությանը,»:

Մեդվեդեւն արդեն սպառնացել է, ալիեւյան քարոզչամիջոցն՝ ակնարկել, որ Մոսկվան, Մինսկը եւ Բաքուն քննարկում են պոստխորհրդային տարածքի անվտանգության ապահովման նոր կառույցի, ձեւաչափի եւ մեխանիզմների հարցեր, եւ Հայաստանը, կարծես, այնտեղ «չի դիտարկվում»:

Քաղաքական Ստեփանակերտի «մնացորդներին» ի՞նչ դերակատարում է վերապահվում, որպեսզի Հայաստանը Պուտին-Լուկաշենկո-Ալիեւ «քաղաքակրթական ճամբարի մաս դիտարկվի»: