25/03/2025

Ադրբեջանը մերժել է Հայաստանի հետ «անհապաղ» խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի առաջարկությունը

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:

Հայտնի չէ՝ Ջեյհուն Բայրամովը մեկնում է Վաշինգտոն, բայց Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մտադրություն չունի՞, Հայաստա՞նն է աննպատակահարմար տեսել քննարկումները, թե՞ Ադրբեջանը չի ընդունել հրավերը, եւ Բայրամովը Վաշինգտոն չի՞ մեկնի: Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեմային անդրադարձ եղավ Թուրքական պետությունների կազմակերպության թե նախարարական հանդիպման, թե ոչ ֆորմալ գագաթաժողովի ընթացքում:

Ղազախստանի նախագահ Տոկաեւը հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամություն հայտնեց, ինչց հասկացվեց, որ Բաքուն Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցությունների պատրաստ չէ:

Ադրբեջանը մերժել է Հայաստանի հետ «անհապաղ» խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենի առաջարկությունը: Բաքվի փորձագիտական շրջանակների տեսակետներից պարզ է դառնում, որ Ադրբեջանում սպասում են ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Երեւան է ժամանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը, նախատեսվում են հայ-ամերիկյան զորավարժությունները: Սամանթա Փաուերի այցի մասին տեղեկատվության մեջ առանձնանում է «տեղահանված անձանց հետ» նրա հանդիպման անոնսը: Խոսքն, իհարկե, Լեռնային Ղարաբաղից անցյալ սեպտեմբերին բռնատեղահնված անձանց մասին է ու թեեւ այն քաղաքական բաղադրիչ չունի, այնուամենայնիվ ազդակ է:

Բաքվի մամուլը չափազանց սուր է արձագանքել Ադրբեջանում Կանադայի նորանշանակ դեսպան Համիլտոնի՝ ԼՂ հայ բնակչության վերադարձի մասին Իլհամ Ալիեւին արված հարցադրմանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի հանդիպումը ԼՂ բնռատեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ կարելի է դիտարկել նույն համատեքստում: Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը գումարվում է բարդ փուլում:

Հյուրընկալող երկրի ներքաղաքական խնդիրները բացահայտված են, երկիմաստ իրավիճակում է Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայում կառավարություն է փոխվել, վարկանիշային զգալի անկում է ունեցել Գերմանիայի կանցլերը, Եվրամիության գործադիր մարմինները դեռեւս ձեւավորված չեն: Կարծես ի հակակշիռ՝ Թուրքիան Ադրբեջանի եւ Պակիստանի հետ ռազմա-քաղաքական դաշինք է ծրագրում, ինչին, ամենայն հավանականությամբ, աջակցում է Չինաստանը:

Ադրբեջանը դասավորվում է եվրասիական լայն ինտեգրացիայի էշելոնում: Ըստ երեւույթին, Հայաստանի հետ բանակցություններում Բաքուն այդ ռեսուրսը կիրառելու է մինչեւ վերջ: Հայաստանին ԱՄՆ աջակցությունը, թերեւս, հակակշիռ է, բայց որքանո՞վ դա բավարար կլինի: Հրատապ է, երեւի, Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ֆորմալացման խնդիրը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ քննարկումների ամփոփումը եւ որեւէ ձեւով ֆորմալացումը: Ստեղծված բարդ իրավիճակում, կա ռուս-հայկական, այնպես էլ հայ-իրանական հարաբերությունների վերբեռնման հնարավորություն:

Translate »