ՌԻԱ Նովոստին վերլուծել է Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ ԿՀՎ տնօրենի, ապա եւ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրած Մարկ Պոմպեոյի հոդվածը, որտեղ նա ներկայացրել է ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագիրը» եւ հետեւություն արել, որ «մտավարժանքների հասցեատերն ամերիկյան ընտրողն է»:
Ռուսաստանյան պետական լրատվամիջոցի գնահատմամբ՝ Ուկրաինայի հարցում Թրամփի տեսակետներին «ավելի ծանոթ է Հունգարիայի վարչապետ Օրբանը, իսկ նա ասել է, որ դրանք հայտնի կդառնան միայն նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո»:
ՌԻԱ Նովոստին, սակայն, տեղեկատվական արտահոսք է թույլ տվել և խոստովանել, որ «տարբեր տեղերից Մոսկվայի գլխին թափվող առաջարկությունները քողարկում են հիմնական նպատակը, քանի որ չեն բխում գետնի վրա իրավիճակից»: Պետք է հասկանալ, որ անգամ Չինաստանի և Բրազիլիայի նախաձեռնությունը Մոսկվայի համար ընդունելի չէ, ինչի մասին, ի դեպ, ASEAN-ի խորհրդաժողովից հետո մամուլի ասուլիսում պարզորոշ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը:
Նա լրագրողներին ծաղրել է և խորհուրդ տվել, որ իրեն ոչ թե ձայնագրեն, այլ ասածը գրի առնեն. «Մոսկվան միշտ պատրաստ է ազնիվ խոսակցության՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները: Դրանք են՝ չորս ռեգիոնների միավորում Ռուսաստանի կազմում, Ուկրաինայի սահմանադրության համապատասխան փոփոխություններ, վառ արտահայտված նացիստական բնույթ ունեցող, ռուսական փոքրամասնությունը ոչնչացնող Կիեւի ռեժիմի պահպանման անթույլատրելիություն: Իսկ ով երազում է Ռուսաստանի կապիտուլյացիան, կարող է անցնել այգի, որովհետև հատուկ ռազմական գործողության նպատակներն իրականացվելու են»:
Լավրովը ընդամենը կրկնել է այն, ինչ Վլադիմիր Պուտինը հրապարակել է հունիսի 14-ին, իսկ Ռազմածովային ուժերի զորահանդեսի ելույթում ասել, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը «հիշեցնում է սառը պատերազմի դարաշրջանը»:
Այդ շրջանում ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Գրոմիկոն միջազգային գործընկերների կողմից որակվել էր որպես «միստեր ոչ»: Ռուսաստանի նախագահը փաստացի Լավրովի կերպարով հասել է Գրոմիկոյի ռեինկառնացիային:
ՌԻԱ Նովոստիի վերլուծականն ամփոփվում է այսպես. «Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է, իսկ ով հավելյալ առաջարկություններ ունի, կարող է ուղարկել այս հասցեով. Մոսկվա, Կրեմլ, Պուտինին, թղթապանակ ‘սպամ’»: Փաստացի, Ռուսաստանը վա-բանկ է գնում և առաջարկում, որ աշխարհն ընդունի ուկրաինական պետությունը ոչնչացնելու իր իրավունքը:
«Լվովը պատմական ռուսական քաղաք է, Ռուսիայի և Գալիչինայի սահմանապահը»,- գրում է Regnum-ի հեղինակը: Եվ, ըստ երեւույթին, հիմնավոր չեն այն գնահատականները, որ Մոսկվան ագրեսիվ քարոզչություն է իրականացնում, որպեսզի Միացյալ Նահանգների հետ «ավելի հարմար սակարկության հասնի»: Պուտինը, կարծես, ոչ մի քայլ նահանջի մտադրություն չունի:
Իրավիճակի վտանգավորությունը կայանում է նրանում, որ Թուրքիան ուկրաինական ճգնաժամից փորձում է առավելագույնը քաղել՝ օրակարգ բերելով Կիպրոսի հյուսիսի օկուպացիոն ռեժիմի լեգիտիմացման հարցը:
Բաքվի մամուլը, ոչ առանց ենթատեքստի, գրում է, որ Կիպրոսի հյուսիսում «հիսուն հազար ռուսաստանցի է բնակվում»: Հայաստանի սահմանադրության փոփոխության և սպառազինությունների ձեռքբերման թեմայով Բաքվի շահարկումները, կարծես, ուղղակիորեն ածանցվում են Կիեւի դեմ Մոսկվայի վերջնագրային պահանջներից:
Ադրբեջանը բացահայտ դիրքավորվում է Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքական տարածքում: Բաքուն հանդես է գալիս որպես Գլոբալ Հարավի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսա-քաղաքական եւ կոմունիկացիոն հաբ:
Ռազմական համագործակցությունն առայժմ ընթանում է Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա ինտեգրման ուղղությամբ: Ո՞րն է Հայաստանի տեղը: Ի՞նչ է տալու Կիպրոս Հայաստանի ԱԳ նախարարի այցը:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»