Նախկին ռեժիմի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ՀՀԿ-ականներից ոմանց հանրային ելույթներին հետևելիս այնպիսի տպավորություն է, որ նրանք օգտագործում են հալյուցինոգեն «հատուկ միջոցներ», որոնք էլ ստիպում են վերջիններիս հիշողության մթագնումներ ունենալ, անհեթեթություններ ու զառանցախոսություններ արտածել։
Այսինքն, խեղաթյուրել իրականությունն ու այն մատուցել որպես օբյեկտիվ ճշմարտություն։ Բացառություն չէ նաև ԱԺ ՊՈՒ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը կայքերից մեկի հետ հարցազրույցում, անդրադառնալով ընդդիմության հերթական ձախորդ օպերացիային՝ հայտնի որպես «սրբազան շարժում», մասնավորապես ազդարարել է․«Ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) կարողացել է շարժումները կասեցնել, ՀՀ քաղաքացիների փողոց դուրս գալը հնարավոր է եղել կասեցնել վերջին երեք անգամները, երեք տարիների ընթացքում՝ միմիայն կրակելով Հայաստանի քաղաքացիների վրա»։
Տիկին Մկրտչյանը, փաստորեն, չարաշահել է վերոհիշյալ «հատուկ միջոցները» և հիշողության սելեկտիվ կորստի բախվել, այլապես կհիշեր, որ մեր երկրում ՀՀ քաղաքացիների վրա նշանառու կրակոցով կրակել են 1999-ի Հոկտեմբերի 27-ին, երբ իր կուսղեկը Ազգային անվտանգության նախարարն էր, և մեկ էլ այն ժամանակ, երբ նույն այդ կուսղեկը համապետական կեղծված ընտրությունների միջոցով ուզուրպացրել էր նախագահի աթոռը։ Այդ՝ մասնավորապես 2008-ին արձակված կրակոցների հետևանքով է, որ Երևանի կենտրոնում զոհվեց 5 քաղաքացի (Մարտի 1-ի 10 զոհերից մասնավորապես երեքն էլ «Չերյոմուխա» հատուկ միջոցի հետևանքով են զոհվել)։
Իրենց՝ հանրային աջակցություն չստացած, իշխանափոխության ձախորդ փորձերը կեղծ ու անհեթեթ փաստարկով պատճառաբանող տիկին Մկրտչյանին թախանձագին խնդրում ենք՝ ցույց տվեք այս իշխանության կողմից նախորդ երեք շարժումները կասեցնելու նպատակով կրակված պարկուճները։ Գոնե մեկ պարկուճ։ Եվ՝ հրազենի ձգանը սեղմողներին ու հատկապես կրակելու հրամանը տվողին։ Խոստանում ենք գնալ կրակողի և նրա հրահանգիչի հետևից ու հասնել վերջինիս պատասխանավտությանը։ Աննա Մկրտչյանը չի կարող այդպիսի ապացույցներ ցույց տալ, քանի որ զբաղված է պարզագույն զրպարտությամբ։ Իսկ եթե կրակել ասելով նկատի ունի հատուկ միջոցներ կիրառելուն, ապա այս հարցում էլ հաստատտ շահեկան դիրքում չի հայտնվի, եթե հիշեցնենք, թե իր կուսղեկի պաշտոնավարման օրոք քանի անգամ են ցույցեր ցրելու համար հատուկ միջոցներ կիրառվել ու ինչ հետևանքներ ունեցել։
Ի դեպ, Աննա Մկրտչյանի կուսղեկի օրոք 10 տարի քննված «Մարտի 1-ի»-ի գործով այդպես էլ չբացահայտվեցին ցուցարարների վրա կրակողները, այսինքն՝ մարդասպանները։ Գիտի՞՝ թե ինչու։ Այո, ապացույցները կեղծելու հետևանքով։ Չենք կարծում, որ նման հրաշավոր գործողությունը տեղի է ունեցել առանց մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի գիտության։ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը, որը Հայաստանը 2018-ից հետո լքեց, ըստ ՀՔԾ-ի, հիշեցնենք, ըստ հարուցված քրեական գործի՝ կեղծել է ապացույցները։
Մասնավորապես՝ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:Արդ, Աննա Մկրտչյանը որպես պատգամավոր կարող է օպտիմալ օգտագործել իր էներգիան ու էնտուզիազմը՝ գնալ անհերքելի փաստի՝ 2008-ին արձանագրված կրակոցների հետևից և իր «տաղանդի ու ձեռնահասության» շրջանակներում հետամուտ լինել «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտմանը։ Վստահեցնում ենք՝ ռեյտինգը շեշտակի կբարձրանա և չի բացառվում, որ գերազանցի իր կողմից այդքան ատելի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։
Մի դիտարկում էլ․ փաստորեն, Մկրտչյանը արդեն ենթագիտակցորեն «սրբազան շարժումը» համարում է նախորդ, այսինքն՝ անցյալում մնացած, ավարտված, ոչ թե՝ առաջիկայում շարունակելի, այլապես «նախորդ երեք անգամներ» կապակցությունը չէր գործածի։ Ի դեպ, «առաջին անգամը» 2020-ի 44-օրյայից հետո էր, «Հայրենիքի փրկության շարժում»-ը, որը ոչ թե կասեցվեց, այլ ինքնակասեցվեց, քանի որ դրան մաս կազմած կուսակցությունները որոշեցին ընդունել Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերն ու շտապեցին մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Եվ այդ ընտրությունների շնորհիվ է, որ Մկրտչյանը պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերել։
«Երկրորդ անգամը»՝»Դիմադրության շարժում»-ը, կասեցվեց, քանի որ այլևս ակնհայտ էր խայտառակությունը՝ շարժման կազմկոմիտեում ի հայտ էին եկել տարաձայնություններ, և բացի այդ՝ շարժումը օգոստոսին ձախողեց նաև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Ընդդիմադիր խմբակցություններին, այդ թվում՝ ՊՈՒ-ին, , այլ բան չէր մնում, քան «թքածը լիզելն» ու ԱԺ աշխատանքների բոյկոտը դադարեցնելը։
«Սրբազան շարժում»-ն էլ, նշենք, տապալվեց ոչ թե երևակայական ինչ-որ կրակոցների, այլ շատ պարզ-մատչելի-հասկանալի բանի հետևանքով՝ հասարակությունը արագ կողմնորոշվեց ու ճանաչեց այն՝ արդեն ծանոթ ականջները, որոնք ցցված էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թիկունքում։ Տեղին է հիշել հայտնի ասացվածքը․ «Արտը՝ խախուտ, մահանան՝ կարկո՞ւտ»։
Հ․Մ․
Բաց մի թողեք
Պուտինը ՌԴ-ին արժանի նոր ռազմավարական գործընկեր է գտել
«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով
«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ