Պուտինը Բաքվում Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Ադրբեջանից վերադառնալուց հետո «իհարկե, կկապվի վարչապետ Փաշինյանի հետ եւ կպատմի արդյունքների մասին», Պուտինը բաց տեքստով ձեւակերպել է Բաքու ուղեւորության նպատակը. Ռուսաստանը չի կարող դուրս մնալ հարավկովկասյան կարգավորումից:
Այդ հարցում «կողմերից դրա պահանջվածության» մասին դիտարկումը բացառապես դիվանագիտական «նրբասացություն է»:
Պուտինը Փաշինյանին ասելիք կունենա մի դեպքում, եթե նրան հաջողվի Իլհամ Ալիեւին համոզել, որ «հարավկովկասյան կարգավորմանը Մոսկվայի ներգրավվածությունը պահանջված է», այլ կերպ ասած՝ բխում է Ադրբեջանի շահերից: Ռուսաստանի նախագահը ձեւակերպել է երեք առաջնահերթություն՝ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրում, սահմանազատում եւ սահմանանշում, տնտեսական եւ լոգիստիկ ապաշրջափակում:
Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են վերջին հարցը թողնել ապագային: Պուտինի ասածից պարզ չի հասկացվում՝ նա կողմ է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հետո իրականացվի սահմանազատում եւ սահմանանշում, թե՞՝ ընդհակառակը, բայց կարեւորելը «տեխնիական խնդիրները» չեն, այլ՝ Ռուսաստանի ներգրավվածության «կողմեերից պահանջվածությունը»:
Ադրբեջանը քառասունչորսօրյա պատերազմից հետո մերժել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ՌԴ ԱԳՆ ներկայացրած «սկզբունքները եւ պարամետրերը»: 2022թ. հոկտեմբերի վերջին, Պրահայի հանդիպումից երկու–երեք շաբաթ անց, Նիկոլ Փաշինյանը Սոչիում Վլադիմիր Պուտինին ասել է, որ համաձայն է կարգավորման ռուսաստանյան սկզբունքներին: Եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ, բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ այդ մասին խոսք չկա: Պուտինին չի հաջողվել Ալիեւին համոզել:
Սկզբունքորեն հայ-ադրբեջանական կարգավորմանը Մոսկվայի ներգրավվածությունը մերժել է Ալիեւը, բայց տպավորություն է, որ բանակցություններն արեւմտյան հարթակներ տեղափոխելու «նախաձեռնություն Հայաստանն է ցուցաբերել»: Հայ-ադրբեջանական կարգավորմանն օգտակար լինելու հարցում, գուցե, Ռուսաստանի նախագահն անկեղծ է, բայց Ալիեւը դա չի ընդունում:
Բաքվի դիրքորոշումը պարզ է. ցույց տալ, որ կառուցողական է, պատրաստ է Մոսկվա գործուղել արտգործնախարարին, որպեսզի բարձր մակարդակի նոր եռակողմ հանդիպում կազմակերպվի, բայց ոչինչ չի ստացվում, քանի որ «Հայաստանը դեմ է»: Հաջողության հասնելու, Ռուսաստանի՝ որպես միակ գործնական միջնորդի դերի վերահաստատման ի՞նչ երաշխիքներ ունի Պուտինը, երբ ասում է, որ Ադրբեջանից վերադառնալով՝ կկապվի վարչապետ Փաշինյանի հետ:
Սա չափազանց ինտրիգային հայտարարություն է, որովհետեւ Ալիեւը կարող է ընդհանուր, ոչինչ չպարտավորեցնող ձեւակերպումներով խոսել ռուս-հայ-ադրբեջանական ձեւաչափով քննարկումների մասին, ինչը Պուտինին թույլ կտա Փաշինյանին ասել, որ Բաքվի համաձայնությունն ունի, մնում է, որ Երեւանը որոշում ընդունի:
Թվում է՝ չարժե դավադրապաշտ լինել եւ ենթադրել, որ Հայաստանի դեմ ծուղակ Մոսկվան եւ Բաքուն միասնաբար են ստեղծում: Բայց կայուն տպավորություն է, որ Պուտին-Ալիեւի քննարկումները «Հայաստանի մասին են»: Երեւի թե պատահական չէ, որ Բաքվի բանակցությունների մեկնարկին գրեթե զուգահեռ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քանանին խոսել է հայ-իրանական հարաբերությունների մասին՝ շեշտելով «սահմանների անվտանգության ապահովման համատեղ ջանքերը»: Եթե Պուտին-Ալիեւ բանակցությունները նշանավորվեն համատեղ հայտարարությամբ, որտեղ ընդգծված կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի ներգրավվածության պահանջվածությունը, ապա Երեւանը կհայտնվի շատ բարդ ընտրություն կատարելու վիճակում:
Բաց մի թողեք
«Սրբազան պայքար»-ի «բաց խաղաքարտերով» խաղը․ Քոչարյանն ու Սարգսյանը ներկա կգտնվե՞ն սեպտեմբերի 22-ի հավաքին
Պուտինի հետ սիրախաղի դիմաց՝ Թուրքիան կստանա Ղրիմը
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու