Արցախի «հարցով հատուկ հանձնախումբը» (որի կազմն, ի դեպ, հայ հանրությունից գաղտնի է պահվում) հերթական շրջագայությունից վերադարձել է, մոտ օրերս «Արցախի քաղաքական գործիչները կհանդիպեն Վարդան Օսկանյանին, որ արտերկրում տասնյակ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Տոյվո Կլաարի հետ»: Հանդիպման նպատակն է՝ հասկանալ՝ կա՞ հավաքական վերադարձի հնարավորություն, թե՞ ջանքերը զուր են:
Այս առումով կարելի է հանգիստ լինել. Տոյվո Կլաարը պաշտոնին հրաժեշտ է տալիս, բայց մինչ այդ հասցրել է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Հայաստանի ադրբեջանցիների վերադարձը չի կարելի փոխկապակցել: Դժվար չէ բռնագաղթված մարդկանց ներշնչել, որ այդ «հայանպաստ հայտարարությունը չէր լինի, եթե Վարդան Օսկանյանը նրան չհանդիպեր»:
Ղարաբաղյան Շարժման և պետականության պատմությունը նման բազմաթիվ դեպքեր գիտի: Ժամանակ կար, երբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցնում էր, որ «Լատինական Ամերիկայի երկրներից մեկը շուտով ԼՂ անկախությունը կճանաչի»: Իսկ Ստեփանակերտում նաև երկրի անունն էին տալիս՝ Ուրուգվայ, որը աշխարհում առաջինն է Հայոց ցեղասպանությունը դատապարտել:
Բայց եկեք դիսոնանսին հետևենք. Օսկանյանը ԼՂ խնդրին «լուծումներ» ինչու՞ է Արևմուտքում փնտրում: Մոսկվան Վարդան Մինասիչի առջև դռները փակե՞լ է և «Լեռնային Ղարաբաղ» ու «հայ բնակչության վերադարձ» արտահայտությունները լսել անգամ չի՞ ուզում: Իսկ Արևմուտքն իր «ղարաբաղանպաստ ծրագիրն» ինչպե՞ս է իրականացնելու, եթե Ստեփանակերտի քաղէլիտան Հայաստանի իշխանություններին քննադատում է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ «ռազմավարական համագործակցությունը խաթարելու» մեջ: Այդ տրամաբանությամբ Վարդան Օսկանյանի վիզավին ոչ թե Տոյվո Կլաարը, այլ՝ ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնաց Իգոր Խովաեւը պիտի լիներ:
Այս ալոգիզմը կարելի է համարել քաղաքական Ստեփանակերտի ոչ ադեկվատության ևս մեկ դրսևորում կամ պարզապես անտեսել, որովհետև Օսկանյանի «հանձնախմբի» ստեղծումը և նրա շրջագայություններն այն են, ինչ ռուսները ձևակերպում են շատ առարկայորեն. «Игра свеч не стоит»:
Իսկ ահա նույն աղբյուրի մյուս տեղեկությունը, որ Արցախի քաղաքական գործիչները ձևավորում են իրավաբանական խումբ՝ հիմնավորումներ գտնելու, որ եթե իշխանության հավերժությունն ապահովելու համար ընտրությունների անցկացումը հնարավոր չէ, ապա օրենսդիրներն իրենք կարող են սեփական լիազորությունները երկարաձգել, պարզապես ցինիզմ է:
Այսինքն, լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը Երևանում կարող է նիստ գումարել և որոշել, որ ինքը մինչև 2030 թվականը շարունակում է «ներկայացնել Արցախի ժողովրդին»։ Դրա՞ համար են ոմանք և որոշները Երևանի տարբեր համայնքներում բռնագաղթված մարդկանց հետ հանդիպումներ և թաղային կերուխումեր կազմակերպում:
Դրա՞ համար են ֆեյսբուքյան «քաջամարտիկներ» հավաքագրում՝ անվանարկելու նրանց, ովքեր Արցախի Ազգային ժողովին առաջարկում են քաղաքական գոնե մեկ հասուն որոշում կայացնել՝ ձևավորել բանակցող մարմին, օժտել նրան լիազորություններով, դիմել Ադրբեջանի իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, Միավորված ազգերի կազմակերպությանը և փորձել Բաքվի հետ մտնել գործնական քննարկումների մեջ:
Այն «էլիտան», որ Եվլախում Ալիևի ներկայացուցիչներից բենզին է խնդրել, բանակցունակ չէ:
Այն «էլիտան», որ ժողովրդին թողել է մորեմերկ, իսկ իր բիզնեսները Երևան տեղափոխել և հղփանում է, բռնատեղահանված բնակչության անունից խոսելու ոչ օրինակ, ոչ՝ առավել ևս, բարոյական իրավունք չունի: Ոչ էլ որևէ արցախցի Վարդան Օսկանյանին լիազորել է, որ իր անունից Կլաարի հետ քննարկում ունենա:
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին