Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ԲՐԻԿՍ անդամակցության համար: Ռուսաստանի նախագահ Պուտինը Բաքվում հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւին հոկտեմբերին հրավիրել է Ռուսաստան:
Իհարկե առիթը ԱՊՀ երկրների գագաթնաժողովն է, սակայն նույն օրերին տեղի է ունենալու ԲՐԻԿՍ գագաթնաժողովը եւ Ռուսաստանում են լինելու կազմակերպության անդամ երկրները:
2024 թվականի հունվարից ԲՐԻԿՍ կազմը համալրել է մի քանի երկիր՝ Իրանը, Եգիպտոսը, Արաբական Էմիրությունները, Եթովպիան: Ամիսներ առաջ ԲՐԻԿՍ անդամակցության հայտ ներկայացրեց Թուրքիան, որի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարեց, թե ակնկալում են հոկտեմբերին Կազանում կայանալիք գագաթնաժողովում ստանալ Թուրքիայի անդամության հավանություն:
Սակայն, Ֆիդանից հետո հայտարարություն արեց Լավրովը, նշելով, թե ԲՐԻԿՍ անդամները հակված են առժամանակ սառեցնել նոր անդամներ ընդունելու պրոցեսը, քանի որ համարում են, որ պետք է որոշակիորեն «մարսել» արդեն իսկ անդամակցած երկրների ընդգրկումը:
Թե որքան ժամանակով էր Լավրովը ակնկալում սառեցնել նոր անդամների հավանություն տալը, նա չէր մանրամասնել, սակայն հատկանշական էր, որ այդ «սառեցման» մտադրությունը փաստորեն «բաժին հասավ» Թուրքիայի անդամության հայտին, ինչն էլ իր հերթին մի շրջափուլում է, երբ Ռուսաստանի եւ Թոււրքիայի միջեւ հարաբերությունն էլ նկատելի սառն է: Իսկ ինչպիսի՞ն է լինելու վերաբերմունքը Ադրբեջանի հայտի դեպքում: Տարօրինակ կլինի, եթե Թուրքիայի հայտի հանդեպ լինի սառնություն, իսկ Ադրբեջանի հանդեպ՝ հակառակը:
Հետեւաբար, կամ Բաքվին պետք է խորհուրդ տան սպասել՝ մինչեւ կորոշեն, թե ինչ անել Թուրքիայի հետ, կամ Բաքվին ընդունելու համար պետք է ստիպված լինեն ընդունել նաեւ Թուրքիային: Իհարկե այստեղ կա գուցե մի նրբերանգ: Հազիվ թե Ադրբեջանի հայտը հոկտեմբերին Կազանում դրվի գագաթնաժողովի հավանության, հետեւաբար առնվազն ընթացիկ տարին թե Թուրքիան, թե Ադրբեջանը կմնան ԲՐԻԿՍ հայտատու:
Ավելի լայն իմաստով գործընթացը անշուշտ վերաբերում է ռեգիոնալ ոչ միայն տնտեսական կառուցվածքի եւ հարաբերությունների վերափոխմանը, այլ նաեւ թերեւս դրան համահունչ՝ անվտանգության համակարգերի: Ի վերջո, տնտես-քաղաքական եւ ռազմա-քաղաքական համակարգերը ձգտում են «ներդաշնակության», այլ կերպ չի լինում:
Եվ այստեղ անշուշտ Հայաստանի համար հասունանում են իսկապես լուրջ քննարկումներ պահանջող հարցեր: Իհարկե ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հարեւան Վրաստանի համար:
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին