20/09/2024

Ալիեւը միտումնավո՞ր է գնացել ԵԽ-ի հետ հարաբերությունների սրացման

Դա ավելի քան ցավալի ազդակ է, որ միայն բարդացնում է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայիս դրությունը: Անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել հարգել ժողովրդավարության չափանիշները:

Սև ցուկաում ընդգրկել նրանց, ովքեր քվեարկել են իրենց համոզմունքով, կարող է միայն հակառակ արդյունքի բերել: «ԵԽԽՎ պատգամավորների մուտքն արգելելու մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեի հայտարարությանը հակադարձել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը»:

ԵԽԽՎ-ի նախագահն, իհարկե, ավելին չէր կարող ասել, բայց նրբանկատորեն հասկացրել է, որ եկող տարվա հունվարին, երբ քննարկվելու լինի ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցը, Ադրբեջանը «հայտնվելու է ավելի բարդ իրավիճակում»: Իսկ ահա ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբը ոչ այնքան դիվանագետ է գտնվել:

Նա նույնպես սոցցանցային գրառում է կատարել եւ ասել, որ «ժողովրդավարական երկրներում մուտքի արգելք կիրառվում է միայն ահաբեկիչների, ծայրահեղականների եւ լուրջ հանցագործների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջան իր մուտքի արգելքին, ապա գերմանացի խորհրդարանականը դա համարում է «բացարձակ բռնապետության դրսեւորում»: Գերմանացի պատգամավորն, ինչ խոսք, քաջ գիտի, թե ինչ մակարդակում է նման որոշում կայացվել եւ փաստացի Իլհամ Ալիեւին անվանում է բռնապետ:

Շվաբը հավելել է, որ մտադիր է մասնակցել COP 29-ին, որը Բաքվում նախատեսված է անցկացնել նոյեմբերին: Բաքուն հայտարարել է, որ ԵԽԽՎ անդամների նկատմամբ մուտքի արգելքը կգործի՝ մինչեւ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չճանաչվեն: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցված են մեկ տարով: Ըստ այդմ, ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կանդրադառնա միայն 2025թ. հունվար-փետրվարին:

COP29-ը միայն կլիմայի հարցերով խորհրդաժողով չէ: Իլհամ Ալիեւն այն համարում է Ադրբեջանի «միջազգային հեղինակությունը նոր եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորություն»: Իսկ դա կախված է խորհրդաժողովի ներկայացուցչականությունից:

Գերմանացի պատգամավոր Շվաբի նախաձեռնողականությունը կարող է վարակիչ լինել, եւ այլ երկրների խորհրդարանականներ, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է, նույնպես կցանկանան մասնակցել Կլիմայի հարցերով Բաքվի խորհրդաժողովին իրենց երկրների պատվիրակության կազմում:

Ի վերջո, որեւէ երկրի պատգամավորի ընդգրկելը «սև ցուցակում» նշանակում է անհարգելի վերաբերմունք ցուցաբերել առհասարակ նրա նկատմամբ: Եվ ամենևին էլ բացառված չէ, որ, ասենք, Գերմանիայի կառավարությունը նույնպես անդրադառնա այդ խնդրին: ԵԽԽՎ նախագահը դիտարկում է, որ Ադրբեջանը ԵԽ-ում հայտնվում է ավելի բարդ իրավիճակում, ինչը թերեւս այդ ենթատեքստն ունի:

ԵԽԽՎ այլ պատվիրակությունների ղեկավարներ կմիանա՞ն Ադրբեջանի հասցեին Շվաբի «սպառնալիքին»։ Քաղաքական ի՞նչ հաշվարկով է Իլհամ Ալիեւն արտոնել, որպեսզի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարություն անի, ինչի առթիվ, ի դեպ, նրա աշխատակազմը դեռեւս պարզաբանում չի արել։

Հնարավո՞ր է, որ Բաքուն վերանայի որոշումը։ Իսկ գուցե Ալիեւը միտումնավոր է գնացել ԵԽ-ի հետ հարաբերությունների սրացման, որպեսզի ԵԽԽՎ-ից հեռանալու հի՞մք ունենա։ Ուկրաինայի հարցում ԵԽԽՎ դիրքորոշումն, օրինակ, առիթ է դարձել, որպեսզի Ռուսաստանն այդ կառույցի հետ կապերը խզի։ Բաքուն եւ Մոսկվան միջազգային կառույցներում համատեղ-միասնական դիրքորոշում որդեգրելու հարց նույնպես քննարկել են։