Կրեմլը հայտնել է Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցի մասին, նշելով, որ դրա ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել Բաքվում օգոստոսի 19-ին կայացած բանակցության առնչությամբ, արձանագրելով, որ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային եւ գործընկերային հարաբերության խորացմանը:
Շեշտվում է, որ անդրադարձ է եղել Կովկասի հարցերին, մասնավորապես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին, սահմանազատման եւ սահմանագծման, նաեւ ճանապարհների ապաշրջափակման հարցերին:
Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը վերստին հայտնել է այյդ գործընթացներում փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ՌԴ պատրաստակամությունը: Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը փաստորեն հաջորդում է օգոստոսի 23-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, որի ընթացքում ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին է հայտնել Բաքվի բանակցության մասին:
Այն, որ չորս օր անց էլ Պուտինը զանգահարում է Ալիեւին, թույլ է տալիս եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ էլ իրազեկում է Ադրբեջանի նախագահին:
Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչն է այս «մաքոքի» բովանդակությունը՝ Ռուսաստանի որեւէ կոնկրետ առաջարկի վերաբերյալ քննարկումնե՞ր, թե՞ պարզապես իրադարձությունների, գործընթացների հետագա ծավալման առնչությամբ այսպես ասած «սկզբունքային» պայմանավորվածություններ ձեռք բերելը, ինչը թույլ կտա Մոսկվային առավել վստահ զգալ իր համար Կովկասի իրավիճակի կառավարելիության հարցում:
Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ավելի շատ «մերժե՞լ» է, թե՞ հավանության արժանացրել այն, ինչ ներկայացրել է ՌԴ նախագահը: Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ ստույգ պատասխանները բնականաբար լայն հանրությանը հասանելի չեն եւ ըստ ամենայնի հնարավոր եզրահանգումներ ու կռահումներ թույլ կտա իրադարձությունների հետագա զարգացումը: Օրինակ, առաջիկայում կլինի՞ Փաշինյան Պուտին նոր շփում:
Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի եւ այն, որ Պուտինն Ալիեւին զանգահարում է նրա արտգործնախարար Բայրամովի՝ Թուրքիա կատարած այցից հետո: Նախօրեին Բայրամովն այնտեղ էր, բանակցել է արտգործնախարար Ֆիդանի հետ, ու հայտարարել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման «գլխավոր խոչընդոտը» Հայաստանի Սահմանադրությունն է մասնավորապես՝ ըստ Բայրամովի, Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնությունը:
Արդյո՞ք ռուսական կողմի մոտ Բայրամովի թուրքական այցն առաջացրել է մտավախություն, որ Ալիեւի հետ Բաքվում ունեցած իր պայմանավորվածությունները կարող են ստորադասվել Թուրքիայի հետ հարաբերությանը:
Դա պետք չէ բացառել, հաշվի առնելով, որ վերջին ամիսներին թե ռուս-թուրքական հարաբերության տիրույթում է շոշափելի տեղատվություն, թե նաեւ թուրք-ադրբեջանական: Իհարկե սա չի նշանակում, որ այդ տեղատվությունն այնքան է ու այնպիսին, որ կարող ենք բացառել եւ հակառակը՝ Բայրամովի Անկարա այցից հետո Պուտինն Ալիեւի հետ խոսել է հասկանալու համար, թե Բաքվում կայացած բանակցության վերաբերյալ ինչ մոտեցում ունի Անկարան:
Բաց մի թողեք
Ազգային ժողով, այս ինչ է դարձել․ Ինչ որ տեղ, ինչ էր բան սխալ է․ Անկեղծ ու ցավոտ զրույց
Ինչու է ՊՆ ռազմական հետախուզության վարչության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի ղեկավար Պատրի Փրայորը Ադրբեջան այցելել
Ադրբեջանը պատրաստվում է ստորագրված կանոնակարգի տապալմա՞ն