22/11/2024

«Ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանն այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստը «ծայրից ծայր համաձայնեցված փոխանցվել է Ադրբեջանին»:

Բաքուն ԱԳՆ խոսնակի միջոցով հայտարարում է, թե Հայաստանը «փորձում է կրճատել խաղաղության պայմանագիրը», հանելով դրանից որոշ դրույթներ: Ադրբեջանը նաեւ հերթական անգամ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պայմանը:

Ադրբեջանի արձագանքն ըստ էության խոսում է այն մասին, որ Բաքուն բացարձակապես չունի խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն: Ադրբեջանի առանցքային մոտիվը միջազգային իրավիճակն է: Այդ իրավիճակնիր անորոշությամբ եւ անկանխատեսելիությամբ պարարտ հող է ստեղծում ցանկացած ապակառուցողականության համար, որն առավել եւս հիմնված է ուժի գործոնի վրա: Իսկ Ադրբեջանի վարքագիծը ունի հենց այդ կառուցվածքը:

Մյուս կողմից, թերեւս դա հաշվի առնելով է, որ Հայաստանը փորձում է իրավիճակը «փաստաթղթավորելու» միջոցով հասնել այդ կառուցվածքով քաղաքականության հնարավորինս արդյունավետ կառավարման: Ամբողջ հարցն այն է սակայն, որ դա հնարավոր է, եթե Հայաստանի քաղաքականությունը ունի գործուն աջակից, որը պատրաստ է էապես զսպել Ադրբեջանին, ընդ որում զսպել ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական հավակնությունների իմաստով:
Այսօր գործնականում չկա այդպիսի սուբյեկտ, ընդ որում ոչ միայն որեւէ մեկի մոտ ցանկության բացակայության պատճառով, այլ ըստ էության՝ հնարավորությունների: Միջազգային ուժային դերակատարների միջեւ շահերի բախումն ու ռազմավարական մրցակցությունը գերբարձր աստիճանի է, միեւնույն ժամանակ հիմնավորապես փոփոխված է ուժերի բալանսը լայն իմաստով:
Այդ հանգամանքը ստեղծում է «ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն, քան գոյություն ուներ նույնիսկ քսան-երեսուն տարի առաջ:

Ադրբեջանը փորձում է օգտվել հենց այդ իրավիճակից, հատկապես ելնելով երեք էական հանգամանքից՝ Հայաստանի հանդեպ ուժային առավելություն, Կասպիցի ավազանով դեպի Կենտրոնական Ասիա «դարպասային» նշանակություն, Եվրոպայի համար էներգակիրների աղբյուրի նշանակություն: Բաքուն լիուլի շահագործում է այդ հանգամանքները, որոնք միջազգային իրողությունների բերումով ներկայումս «անսպառ» են: Այդ իրավիճակը ըստ էության չունի լոկալ հաղթահարում, քանի դեռ գլոբալ ճգնաժամի հետեւանք է:

Բուն հարցը այն է սակայն, որ իրավիճակը հանձնված է «լոկալ դաշտի պատասխանատվության», կամ այլ կերպ ասած՝ թողնված է անպատասխանատվության միջավայրի: Այդ հանգամանքը բարձրացնում է կամ իրադարձությունների անկանխատեսելիության, կամ ստվերայնության աստիճանը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղ գործընթացը սեղմվում է այդ երկու հանգամանքի միջեւ: