ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ոտքի վրա» ռեժիմով արձագանքել է ԱԱԾ-ի վերջին բացահայտմանը, ըստ որի՝ Ռուսաստանը խումբ է պատրաստում Հայաստանում իշխանությունը զավթելու համար։ Երևի թե ոչ այնքան սթափ լինելու կամ էլ հակափաստարկ չունենալու հետևանքով է, որ դիվանագետը նախընտրել է դիմել տափակ հումորի ժանրին։ «Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց»,- նետել է ռուս դիվանագետն ու քահ-քահ ծիծաղել իր խոսքերի վրա։
Իրոք, միայն ծիծաղելի է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ստաժավոր ներկայացուցչի նմանատիպ արձագանքը և, թույլ տվեք ասել, արժանի ներառվելու իր կողմից հիշատակված «Կատակերգության ակումբի» շուլուխների ցանկում։ Բայց ափսոս. ԶԼՄ-ները գրում են, որ այն ազդարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Սթափ որոշում է, քանի որ Ուկրաինայի դեմ արդեն շուրջ երկուսուկես տարի պատերազմող ու հաջողության չհասնող, քաղաքակիրթ աշխարհի կողմից «իզգոյացված», ողբերգական իրավիճակում հայտնված երկրում, ինչպես ռուսական առածն է ասում՝ «не до смеху»։
Բայց թե ինչու է Զախարովան կապ տեսել այդ սկանդալային ակումբի փակման և ՌԴ դաշնակից երկրի ԱԱԾ-ի բացահայտման միջև՝ հրատապ պարզաբանման կարիք ունի։ Մեզ մոտ տպավորություն է, թե տիկին խոսնակը ակնարկում է, որ ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնց կուրացիայի ներքո էլ, ըստ էության, տեղի է ունեցել դաշնակից երկրում հեղաշրջման նախապատրաստությունը (այդպիսի եզրահանգման կարելի է գալ ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրության որոշ մանրամասներից), համատեղության կարգով աշխատում են (подрабатывают) այդ երկրում գործող կատակերգակների, հումորիստների, նախկին KBH-շիկների ղեկավարմամբ գործող ակումբում (որոնց թվում են նաև ազգությամբ հայտնի հայեր)։ Կամ էլ՝ ՌԴ ուժային կառույցներ ասվածը հենց Comedy Club-ն է որ կա, որը ՀՀ-ում հեղաշրջման փնթի փորձի (գուցե փորձերի՞) հետևանքով որոշել է փակվել։ Ինչևէ։
Ի դեպ, անցյալ տարի այս օրերին, երբ Լեռնային Ղարաբաղը բռնի տեղահանության էր ենթարկվում ռուս-ադրբեջանական համատեղ ուժերով, ՀՀ-ում ռազմահայրենասիրական հերթական պոռթկումն էր։ Ընդդիմության հայտնի շրջանակները՝ Երևանի ՏԻՄ ընտրություններում «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի առաջնորդությամբ, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացնում և, բնականաբար, պահանջում «Ղարաբաղն ու դրա ժողովորդին» հանձնած Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Անդրանիկ Թևանյանը, հիշեցնենք, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր է, որը իր պատգամավորական գործունեության ընթացքում անձնվիրաբար զբաղված էր ռուսական ագիտպրոպի նարատիվների շեփորահարմամբ՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին հակառուսական քայլեր կատարելու, ԵՄ դիտորդներին ՀՀ բերելու և Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու, «Լաչինի միջանցքը Պրահայի հայտարարությամբ փակել տալու» և այլնի համար։
Իզուր չէ, որ պարոն Թևանյանն ու մի քանի մայրհայաստանականներ այս օրերին, այսպես կոչված, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» հասարակական-քաղաքական ակտիվի հետ են հանդիպում։ Այս՝ ռուսական շահերի պաշտպանությանը «հավատարմության ժեստը», բնականաբար, չի վրիպել տիկին Զախարովայի աչքից, և նա ծոր է տվել. «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն հայկական պատվիրակության այցը հայ-ռուսական հարաբերությունների իրական ոգու վկայումն է»։
Ինչևէ։ Դառնանք մեր «ոչխարներին»։ Եվ ուրեմն, նախորդ տարի սեպտեմբերի սկզբին՝ ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում, կրկին երկրում շրջում էր հեղաշրջման ուրվականը։ Տելեգրամյան մի շարք ալիքներ գրել էին, որ «Վագներ»-ականների մի քանի հազարանոց մարտիկների խումբը, իբր, Հայաստան է ժամանել և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում է հակակառավարական գործողություններ իրականացնել ու հեռացնել Հայաստանի վարչապետին։
Ի պատասխան տարածվող լուրերի՝ տիկին Զախարովան խոսքը կտուրն էր գցել. «Որտե՞ղ են նրանք, եթե խոսքը գնում է այս քանակությամբ մարդկանց մասին։ Չէ՞ որ սա միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ։ Այս երկրի բնակչությունն այդքան մեծ չէ։ Եթե տեսնեին այդ մարդկանց, հավանաբար, կնկատեին։ Այս ամենը հերթական առասպելաբանության կատեգորիայից է։ Ես դա կարող եմ որակել որպես կեղծիք»։
Նկատենք, որ տիկին Զախարովայի այս հայտարարությանը հաջորդեցին սեպտեմբերյան ագրեսիան ԼՂՀ-ի նկատմամբ, հակակառավարական ցույցերը Երևանում, իսկ շաբաթներ հետո ԱԱԾ-ն հաղորդեց «Հյուսիսային տերևաթափ» անունով ահաբեկչական օպերացիայի կանխման մասին, որը պլանավորում էր իրականացնել բացահայտված հանցավոր խումբը։ Արդյոք այդ խումբը որևէ առնչություն ուներ «Վագներ»-ի հետ, թե ոչ՝ չենք կարող ասել, լրացուցիչ ինֆորմացիա ԱԱԾ-ն այս ընթացքում չի տարածել, սակայն փաստ է, որ օրերս բացահայտված խմբի անդամները, այսպես ասած, վերապատրաստում են անցել նախկին «Վագներ»-ականի հրամանատարությամբ գործող «ԱրԲատ»-ում։
Նկատենք, որ դեռ անցյալ տարի, երբ ԱԺ-Կառավարությւն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց էր հղել վագներական զինյալների՝ ՀՀ-ում հեղափոխություն նախապատրաստելու մասին լուրերին, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. «ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ժողովուրդն այդ հեղափոխությունն արդեն արել է»:
Ի դեպ, կեղծիք ու առասպելաբանություն ասացինք, հիշեցինք. նախորդ տարի ճիշտ այս օրը ՌԴ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում հանդես էր եկել սպառնալից զգուշացմամբ, որն անուղղակիորեն հասցեագրված էր ՀՀ վարչապետին։ Մեդվեդևը նախ նշել էր, թե ՌԴ-ն եղել է և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը, ապա պատմել, թե ինչպես է «եղբայրական երկրի գործընկերը» մի անգամ իրեն ասել. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանել եմ՝ ինչ պետք է. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»։ Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո որոշեց Ռուսաստանի վրա բարդել իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը։ Հետո նա հրաժարվեց իր երկրի մի մասից։ Այնուհետև նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ»: Վերջում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը եզրակացրել էր. «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասում նրան»:
Տիկին Զախարովան, համոզված ենք, հիշում է այս հայտարարությունն ու դժվար թե սա էլ «կեղծիք ու առասպելաբանություն» համարի։ Ի դեպ, իր միջոցով թերևս փոխանցենք ԱԽ քարտուղարի տեղակալին, որ ՀՀ ուժային կառույցները գուշակել են ու շարունակում են գուշակել նրա պրիմիտիվ «նամյոկները» և համապատասխան օպերատիվ միջոցառումներ իրականացնում։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ապագա լրագրողները ձկան պես լուռ են եղել, չէ, լուռ չեն եղել, այլ քծնել են Փաշինյանին, Նաղաշ Մարտիրոսյանի մեղքն է
ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ. Լուսանկար
«Ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երեւանում»․ ադրբեջանցի «իրավապաշտպան»