06/11/2024

Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին

Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարությանը հայտարարել է, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։

Ադրբեջանը կոչ է արել Հայաստանին հրաժարվել, ըստ իրենց, նման «սադրիչ» քայլերից և քաղաքական կամք ու պատասխանատվություն դրսևորել՝ վերացնելու կարգավորման գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու մնացած խոչընդոտները:

«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ընթանա կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով, կա՛մ շարունակի առճակատումը բոլոր ուղղություններով։ Ադրբեջանը հավատարիմ է իր նախաձեռնած կարգավորման գործընթացին և շարունակում է հետևողականորեն առաջ շարժվել քաղաքական իմաստության և պատասխանատվության ոգով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։

Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը, և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։