04/11/2024

Ի՞նչ գին պիտի վճարի Հայաստանը՝ Փաշինյանը կրկին փորձում է խաբել հայ ժողովրդին

Խաղաղության և բարգավաճման մասին Փաշինյանի խոստումները, անկասկած, գեղեցիկ են, բայց դրա համար ի՞նչ գին պիտի վճարի Հայաստանը: Այդ ամենը նման է իլյուզիայի և դատարկ խոստումների, որոնցով Փաշինյանը փորձում է խաբել հայ ժողովրդին:

Բայց չէ՞ որ բոլորը հստակ հասկանում են՝ մինչև Սյունիքի հարցը չլուծվի, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հավանականությունը զրոյական է:

Եվ Բաքվին պետք չէ այն ճանապարհը, որ պատկերացնում է մեր վարչապետը, «հայ պոպուլյար մեկնաբանին» մեջբերում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը՝ հեգնանքով արձանագրելով, որ «նույնիսկ հայերը չեն հավատում իրենց վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Փաշինյանի նախաձեռնությունն «ավետարանական պատվիրան» չէ, կարելի է կամ պետք է վերլուծել, տարբեր դիտանկյուններից քննարկել, քննադատել, հայկական սովորությամբ այլընտրանքներ առաջարկել, երևակայության մեջ փոխել Սև և Կասպից ծովերի, Պարսից ծոցի և Միջերկրականի աշխարհագրությունը, հանդես գալ վրացիների, պարսիկների, հնդիկների, չինացիների և թուրքերի անունից, Հայաստանի դեպքում սա միանգամայն «բնական» և «օրինաչափ» է:

Բայց ի՞նչ է նշանակում հայ քաղաքագետի կողմից արված «մինչև Սյունիքի հարցը չլուծվի» կոնցեպտուալ ձևակերպումը: Մանավանդ որ այն զուգահեռվում է «Բաքվին պետք չէ այն ճանապարհը, որ պատկերացնում է մեր վարչապետը» մտքին:

Ընդ որում՝ նա հստակ սահմանում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն չի հաստատվելու, մինչև «Սյունիքի հարցը չլուծվի»: Եվ եթե Փաշինյանի պատկերացրած ճանապարհը Բաքվին պետք չէ, ստացվում է, որ, ըստ հայ մեկնաբանի, Ադրբեջանը սպասում է, որ Սյունիքի «հարցը լուծվի»: Այդ դեպքում ճանապարհը նրան պետք կլինի:

Այսինքն՝ Հայաստանում, հայ փորձագիտական շրջանակներում կա մտայնություն, որ Սյունիքի հարցը լուծված չէ: Եթե «լուծված չէ», ուրեմն Սյունիքը «Հայաստան չէ, Հայաստանի սուվերեն տարածք չէ»: Նույնը պնդում է Ռուսաստանը (այդ հարցում Իլհամ Ալիևի մտավարժանքների միակ աղբյուրը մոսկովյան խոսույթն է):

Ըստ էության՝ հայ քաղաքագետն առաջարկում է, որ Հայաստանը Սյունիքի նկատմամբ իրավազորությունը զիջի Ռուսաստանին: «Սյունիքի հարցի լուծման» նրա պատկերացումը դա է (Անհնար է պատկերացնել, թե նա առաջարկում է Սյունիքը հանձնել Ադրբեջանին): Եթե Սյունիքում հաստատվի ռուսաստանյան կառավարում, ապա խաղաղությունը հնարավոր կլինի:

Նա Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» համարում է «դատարկ խոստում»: Ըստ էության, դա նշանակում է, որ «Սյունիքի հարցի լուծման խաղաղ տարբերակ չկա» կամ մեկն է՝ «հանձնել ռուսաստանյան կառավարման», ինչից ուղղակի հետևում է, որ հայ քաղաքագետի կարծիքով՝ «հակառակ դեպքում ավելի վատթարն ենք ստանալու՝ Սյունքի ռուս-ադրբեջանական օկուպացիա»:

Փորձագիտական այս պաշարով, որ իսկույն նկատվում, առանձնացվում և ի ցույց է դրվում Բաքվում, ի՞նչ հեռանկար կարող է ունենալ ոչ միայն Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև ցանկացած գաղափար, միտք, առաջարկություն, եթե Հայաստանում թեկուզ մասնավոր, համարենք, որ քաղաքագետն անձնական գնահատում է անում, մտայնություն կա, որ «Ալիևը մոտեցում չի փոխելու»: Այսինքն՝ Հայաստանը «պետք է հարմարվի Բաքվի պահանջներին, այլապես կկործանվի»:

«Սրբազան պայքարի շարժումից» ոչինչ չստացվեց: Մնացել է ռեանիմացնել Ռուսաստանի «փրկչականության քարոզը»: Բայց ինչո՞ւ նույնիսկ դա Բաքվի հետ ձեռք ձեռքի է արվում: Ռուսաստանը Հայաստանը «փրկում է, որ հանձնի Ադրբեջանի՞ն»: