03/11/2024

Արդյո՞ք Հայաստանում կա ներիշխանական անկառավարելիության վտանգ

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին, ԵՄ հայաստանյան ներկայացուցիչը ներառյալ:

Քննարկվել են թե՛ Հայաստան-ԵՄ հարաբարությանը, թե՛ ռեգիոնալ անվտանգությանը, հայ-ադրբբեջանական գործընթացին, ԵՄ դիտորդական առաքելությանն ու ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Իհարկե, հարկ է դուրս գալ այդ դիվանագիտական ստանդարտից, քանի որ գրեթե վեր է կասկածից, որ ԵՄ դեսպանների ու ԵՄ ներկայացուցչի այցը կառավարությունը թերևս պայմանավորված չէ այդ հավաստիացումն անելու անհրաժեշտությամբ, դա հնարավոր էր նաև առանց բազմանդամ այցի:

Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում Հայաստանում ներիշխանական հերթական սկանդալի ֆոնին: Իհարկե, այդօրինակ այցերը սովորաբար կազմակերպվում են ավելի վաղ՝ դեսպանների և վարչապետի օրակարգը, և՛ ժամանակացույցը համաձայնեցնելու համար, բայց ԵՄ դեսպանները թերևս վարչապետի հետ հանդիպմանը փորձ արած կլինեն շոշափել, թե արդյո՞ք Հայաստանում կա ներիշխանական անկառավարելիության որևէ վտանգ:

Ի վերջո, դա միայն Հայաստանի ներքին հարց չէ, ըստ այդմ՝ անգամ արտաքին օրակարգով հետաքրքրության պարագայում ներիշխանական այդ հարցը ունի էական նշանակություն:

Միևնույն ժամանակ էական խնդիրներից կամ հարցերից մեկն այն է, թե Երևանն ու ԵՄ-ն ինչ քննարկումներ ունեն Հայաստանում ԵՄ դիտոորդական առաքելության հեռանկարի առնչությամբ, որի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերին:

Այս հարցը հատկապես էական է այն համատեքստում, որ Ադրբեջանը կարծես թե ձեռնամուխ է եղել դրա շուրջ Եվրամիությանը սակարկություն առաջարկելու գործին: Իսկ այստեղ կարող են ի հայտ գալ մի շարք խութեր, եթե Բրյուսելը ցուցաբերի սակարկության հակվածություն կամ պատրաստակամություն:

Իսկ ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ պատրաստ են շարունակել այդ հարցում Ադրբեջանի հետ գործակցությունը: Արդյո՞ք կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը ԵՄ ներկայացուցիչն ու երկրների դեսպանները շոշափել են հնարավոր «բազմակողմ» սակարկության շրջանակը, այդ հարցում Երևանի այսպես ասած «կարմիր գծերը»: