Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆրիկայում ֆրանսիական «նոր գաղութատիրական քաղաքականության դեմ պայքարի առաջամարտիկ» Քեմի Սեբային և կառույցի համակարգող Հերի Ջեկուտիին:
Ֆրանսիայի «նոր գաղութատիրական քաղաքականության դեմ պայքարի» երկու «առաջամարտիկները» երկու շաբաթ առաջ գտնվել են Բաքվում, որտեղ Ադրբեջանի իշխանությունների ուղղակի հովանավորությամբ ստեղծվել է Ֆրանսիայից «անկախության ձգտող ժողովուրդների աջակցության» նախաձեռնող խումբ:
Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել Քեմի Սեբայի և Հերի Ջեկուտիի ձերբակալությունը՝ այն համարելով վկայություն, որ Ֆրանսիայում հետապնդվում են ազատ խոսքի ջատագովները և սեփական կարծիք ունեցողները։
Բաքվի խիստ անհանգստությունից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները Սեբային և Ջեկուտիին ձերբակալելու հիմնավոր պատճառներ են ունեցել: Ֆրանսիական մամուլը տեղեկություն ունի, որ Քեմի Սեբան հակաֆրանսիական քարոզչության կենտրոններ է ստեղծել Աֆրիկայի հյուսիսի մի շարք երկրներում:
Աֆրիկայի հյուսիսը վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի, որտեղ լուրջ դերակատարներ են Ռուսաստանը և Թուրքիան: Մոսկվան և Անկարան այդ տարածաշրջանում ունեն մասնավոր ռազմական խմբավորումներ: Ըստ տեղեկությունների՝ նրանք կազմակերպում են դիվերսիոն հարձակումներ՝ թիրախ ընտրելով ֆրանսիական տնտեսական կառույցները:
Հակաֆրանսիական այդ քաղաքականությանը միացել է նաև Ադրբեջանը՝ ֆորմալ պատճառաբանելով, որ Ֆրանսիան միակողմանի հայամետ է, զինում է Հայաստանին, նրան պատրաստում Ադրբեջանի դեմ նոր պատերազմի:
Ֆրանսիական հատուկ ծառայությունների գործողությունը կարող է բացահայտել հակագաղութային շարժման առաջամարտիկների և Ադրբեջանի հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը:
Չափազանց ուշագրավ է, որ Ֆրանսիայի նոր գաղութատիրական քաղաքականության դեմ պայքարի Բաքվի «միջազգային խորհրդաժողովը» ժամանակային առումով համընկել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի Ադրբեջան այցին, իսկ այդ միջոցառման երկու մասնակիցները ձերբակալվել են դրանից երկու շաբաթ անց:
Դա, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի հատուկ ծառայությունների բավական թափանցիկ ակնարկն է, որ տեղյակ են Աֆրիկայի հյուսիսում ֆրանսիական շահերի դեմ ռուս-ադրբեջանական համատեղ ծրագրավորումներին:
Խնդիրն այն է, թե քաղաքական առումով ի՞նչ հետևանքներ կունենա Ֆրանսիայի դեմ պայքրում Բաքվի կողմից հովանավորվող երկու անձի ձերբակալությունը: Պաշտոնական Փարիզը կբացահայտի՞ հետախուզական գաղտնիքները, թե կսկսվեն կուլիսային քննարկումներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ցանկանում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների պատճառով Բաքուն և Բրյուսելը խնդիրներ ունենան: Ֆրանսիան Եվրամիության առաջատար երկրներից է և ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին ներազդելու բավական ազդեցիկ լծակներ ունի, որ Փարիզն առայժմ չի գործադրում: Եթե ֆրանսիական պատկան մարմինները պարզեն և ապացուցեն, որ Քեմի Սեբան և Հերի Ջեկուտին Աֆրիկայի հյուսիսում Ֆրանսիայի դեմ գործել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հրահանգավորմամբ և Իլհամ Ալիևի կոռումպացված կառավարության հատկացրած ֆինանսական միջոցներով, ի՞նչ որոշում կընդունի Ելիսեյան պալատը:
Բաց մի թողեք
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում
Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞», թե՞ ստեղծվել է, որ Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա