22/11/2024

Ուկրաինան պետք է պատասխան հարված տա, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը հատեն սահմանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հարձակվի ի պատասխան, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը հատեն ռուս-ուկրաինական սահմանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Կուրսկի մարզում հյուսիսկորեական զորքերի առկայության կապակցությամբ՝ ընդգծելով հնարավոր վտանգը, որը նրանք կարող են ներկայացնել Ուկրաինայի համար։

«Սա ինձ անհանգստացնում է»,- ասել է Բայդենը՝ մեկնաբանելով Ուկրաինայի սահմանի մոտ հյուսիսկորեական զորքերի տեղակայման հետ կապված իրավիճակը։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան պե՞տք է պատասխան տա, եթե իր սահմանը հատվի, նա նշել է. «Եթե նրանք մտնեն Ուկրաինա, այո»։

Արևմտյան հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի «փոքր թվով» զորքեր, որոնք նախկինում Ռուսաստան էին ժամանել վերապատրաստման նպատակով, արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում:

ԱՄՆ-ի տվյալներով՝ Ռուսաստան վերապատրաստման համար ժամանած հյուսիսկորեացի զինվորականները սկսել են շարժվել դեպի Կուրսկի շրջան, իսկ նրանցից ոմանք արդեն այնտեղ են։