22/11/2024

Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանում կիսել Թուրքիայի տեղն ու դերը

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության արդարացի լուծում կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջության պայմանով: Ֆիդանի այդ հայտարարությունը հաջորդել է ՌԴ արտգործնախարար Լավրովի դիտողությանը, որ հնչել էր օրեր առաջ, թե Անկարան չի կարող լինել միջնորդ, քանի որ թուրքական սպառազինությունը մատակարարվում է Ուկրաինա և դրանով սպանվում են ռուս զինվորներ:

Հարցը, սակայն, թերևս ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանն ու Թուրքիան ոչ թե չեն կարողանում «կիսել» Ուկրաինան, այլ թերևս չեն կարողանում կիսել Թուրքիայի տեղն ու դերը նոր աշխարհակարգում ու եվրասիական անվտանգության այն համակարգում, որի շուրջ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր Պուտինը: Թուրքիան չկա այդ համակարգի վերաբերյալ քննարկումների առանցքային գործընկերների շարքում, որ «դիտարկում» է Պուտինը:

Անկարան, անշուշտ,իրականությունից կտրված չէ չպատկերացնելու համար, որ Ուկրաինայի տարածքային ամբողջության հարցը, առնվազն այն տեսքով, ինչպես պատկերացնում է հենց Ուկրաինան, դե ֆակտո փակված է: Այդ հանգամանքը թերևս ամբողջապես գիտակցվում է անգամ Ուկրաինայում: Թուրքիայի համար միամիտ կդիտվի նաև պատկերացնել, թե Ռուսաստանը, որ բազմիցս լսել է Ղրիմի՝ Ուկրաինային պատկանելու և վերադարձնելու անհրաժեշտության մասին Անկարայի հայտարարությունները, առանձնապես «նեղսրտի» Ֆիդանի նոր հայտարարության առնչությամբ:

Թուրքիայի արտգործնախարարը խոսում է «արդար կարգավորումից»՝ թերևս ակնարկելով այն, որ «արդար չէ» Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի ներկայիս սառնությունը: Հնարավոր է, որ Ֆիդանը շոշափելով «Ուկրանայի տարածքային ամբողջությունը» խախտելու «անարդարության» թեման, Մոսկվային դիվանագիտորեն ակնարկում է այն, ինչ տարիներ առաջ ոչ դիվանագիտական ուղիղ տոնով հայտարարել էր Էրդողանի խորհրդական Քալընը, որն այժմ զբաղեցնում է այդ ժամանակ Ֆիդանի զբաղեցրած պաշտոնը՝ հետախուզության ղեկավար:

2020 թվականի փետրվարին Սիրիայի Իդլիբի շրջանում ռուս-թուրքական պրոքսի ռազմական բախման օրերին Քալընի հայտարարել էր, թե 25 միլիոն մահմեդականով Ռուսաստանը կքանդեն ներսից: Ֆիդանի ակնարկը՝ տարածքային ամբողջության մասին, գուցե պարունակում է այդպիսի շերտեր: Հիմա ռուս-թուրքական պրոքսի պատերազմ չկա, բայց հարաբերությունը իսկապես բավականին սառն է: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ սառնության «հրահրողը» Ռուսաստանն է, որն այժմ երևի թե իրեն զգում է ավելի վստահ՝ համարելով, որ այդ պարագայում կարող է թույլ տալ Անկարայի հանդեպ այդպիսի «վերամբարձություն»:

Հավանաբար դա է նաև պատճառը, որ այժմ Անկարան խոսում է ակնարկով, այլ ոչ թե ուղիղ: Բայց էականն այն է, իհարկե, թե ինչպիսին են լինելու գործերը: Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերությունը կգնա դեպի հետագա լարո՞ւմ, թե՞ սառնությունը կփոխարինվի նոր ջերմացումով: Բանն այն է, որ ռուս-թուրքական հարաբերության այդ ջերմային կտրուկ տատանումները որևէ պարագայում Հայաստանի համար դառնում են ռիսկային: