ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային և միացրել դիվանագիտական «սիրենան»՝ խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրումը «նոր էսկալացիաների վտանգ» է պարունակում։
Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց համապարփակ կերպով հաշվի առնելու Բաքվի և Երևանի դիրքորոշումները, ինչպես նաև «գետնի վրա» իրողությունները, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ լարվածության և հակամարտության պոտենցիալ էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր կստեղծի»:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձգտումը՝ դուրս մղել Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները:
«Կարծում ենք՝ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը տարածաշրջանային պարադիգմայում, բարեկամների՝ Հարավային Կովկասի և հարակից գործընկեր պետությունների շրջանակում՝ բացառելով ապակառուցողական միջամտությունը դրսից: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները»,- ասել է Լավրովը:
Ենթադրում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը նման մռայլ հեռանկարի մասին գուժելիս առաջնորդվել է ոչ թե բացառապես սեփական վառ երևակայությամբ, այլ որոշակի փաստերով ու վերլուծություններով։ Այսինքն՝ առնվազն տեղեկացված է խաղաղության գործընթացի կողմերից մեկի պլանների կամ մտադրությունների մասին։
Արդ, ակնկալվում է, որ ռուս դիվանագետն իր կանխատեսումը արժանահավատ դարձնելու համար պարզաբանի՝ գործընթացի կողմ հանդիսացող ո՞ր սուբյեկտի է մասին է ակնարկը, որն էլ, ըստ նրա, կգնա էսկալացիայի («պոտենցիալ ռիսկեր» և այլ՝ դիվանագիտական նրբասացությունների տակ իրականում խոսվում է կոնկրետ սուբյեկտի էսկալացիայի դիմելու մտադրության մասին)։
Վստահաբար խոսքը նման վարքագծով հայտնի, ագրեսոր Ադրբեջանի մասին է, որն, ի դեպ, մեկ անգամ չէ, որ ոչ թե «արևմտյան պսևդոմիջնորդների», այլ իրական, «նատուրալ»՝ Պուտինի միջնորդությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո խախտել է հրադադարը ԼՂՀ-ում ու ընդհուպ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։ Մեկ տարի առաջ էլ նույն այդ «նատուրալ միջնորդի» խաղաղապահ առաքելության գիտությամբ ու թողտվությամբ նույն Ադրբեջանը, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն իրականացրեց ԼՂՀ-ում և բռնի տեղահանության ենթարկեց արցախահայությանը։ Ի դեպ, մի տարածքում, որը համարվում էր այդ միջնորդի «պատասխանատվության գոտին», որը հստակ ֆիքսված էր հայտարարության տեքստում։
Չենք կարծում, որ Ադրբեջանի այդ վարքագիծը թելադրված էր այն հանգամանքով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ֆիքսվեց հրադադարը, ընդունվել էր հապճեպորեն, «առանց համապարփակ կերպով հաշվի առնելու Բաքվի և Երևանի դիրքորոշումները, ինչպես նաև «գետնի վրա» առկա իրողությունները»։ Այլ հարց է, որ հայտարարության կողմերից երկուսը խորապես թքած ունեցան այդ փաստաթղթի, դրա կետերի ձևակերպման առանձնահատկությունների վրա և իրենց անգործությամբ կամ գործողություններով խեղաթյուրեցին հայտարարության բովանդակությունը։
Այժմ, ահա, խոսելով էսկալացիայի ռիսկերի մասին՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անհանգստանո՞ւմ է իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի համար՝ հաշվի առնելով միջնորդ երկրի իր «տառապանքի փորձը», թե՞ զգուշացնում՝ եթե չբավարարեք Ադրբեջանի պահանջ-պրետենզիաները, ավելի ճիշտ՝ լպիրշության հասնող կապրիզները, մասնավորապես «խաղաղության պայմանագրում» առկա երեք «չհամաձայնեցված» կետերի մասով, ապա Ալիևին կդրդենք արկածախնդրության։ Այդ երեք կետերի մեջ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ներառված է նաև Լավրովի ներկայացրած երկրին հուզող-կեղեքող մի կետ՝ երրորդ երկրի ներկայացուցիչների՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների դուրսբերումը Հայաստան-Ադրբեջան սահմանից։ Հայաստանի Հանրապետությունը, մինչդեռ, առաջարկում է Ադրբեջանին ստորագրել փաստաթուղթը համաձայնեցված հոդվածների շրջանակում, իսկ խնդրահարույց կետերը, որոնց շուրջ դեռ չկա վերջնական համաձայնություն, թողնել հետոյին։ Մինչդեռ նման տեսքով պայմանագրի ստորագրումը, ինչպես Լավրովն է խոստովանում, առաջին հերթին չի բխում ՌԴ-ի շահերից, քանի որ այսպիսով անորոշ ժամանակով կողմերը համաձայնում են առկախել մի գործողություն, որը օր առաջ իրականացած տեսնելը ՌԴ-ի փափագն է՝ «փափագ N1»-ը։
ԵՄ ներկայության փաստին մի երկրում, որը «թղթերով» քո ռազմավարական դաշնակիցն է, բայց որին ընկալում ես որպես «ֆորպոստ» և հավակնում ես վերահսկել այդ «ֆորպոստի» տրանսպորտային կապուղիները դրանց ապաշրջափակման դեպքում, դժվար է համակերպվելը։ Ուստի պետք է տարբեր հնարքների գործադրմամբ, այդ թվում ՀՀ-ին վախեցնել-ահաբեկելու միջոցով հասնել նրան, որ «օտարածին» ուժերը վռնդվեն տարածաշրջանից։ Խնդիրն այն է, որ հենց այդ դիտորդներն են, որոնք զսպում են Բաքվի ռեժիմի գայթակղությունը՝ կարգավորման գործընթացն իր ուզած տրամաբանությամբ տանելու համար դիմել ռազմական ագրեսիայի կամ էսկալացիայի մեթոդին։ Առաքելության շուրջ երկու տարիների գործունեությունը, ինչպես գիտենք, երաշխավորել է ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, և Ալիևն այս ընթացքում զրկվել է պատերազմ սկսելու շանտաժով Հայաստանին այս կամ այն բանը պարտադրելու, այս կամ այն զիջումը կորզելու աշխատող գործիքից։ Ինտրիգն այն է, որ պարոն Լավրովի կանխատեսած ֆորսմաժորային իրավիճակները մեծ հավանականությամբ կարող են ծագել, եթե Հայաստանը համաձայնի ԵՄ դիտորդական առաքելության վաղաժամ դադարեցմանն իր տարածքում։ Թե ինչ զարգացումներ տեղի կունենան հերթական ռազմական գործողության հետևանքով, և մինչև որտեղ կմխրճվի Ադրբեջանը՝ չենք ուզում նույնիսկ պատկերացնել, բայց որ ՌԴ-ի համար նման սցենարը հրաշալի հնարավորություն է լինելու իրականացնել իր «փափագ N2»-ը՝ «արտատարածաշրջանային խորթ» ուժերի «դատարկ տեղը» լրացնել տարածաշրջանային՝ «հարազատ» ուժերով, այն է՝ ՀԱՊԿ դիտորդներով, կարծում ենք, հասկանալի է նույնիսկ… որմզդեղնին։
Հետևապես, եթե պարոն Լավրովն ու նրա վերադասը Հայաստանը շարունակում են դիտարկել որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, ապա պետք է ունենան մեկ անելիք՝ դադարեցնել ՀՀ-ի նկատմամբ հիբրիդային պատերազմը՝ ՀՀ-ին միջնորդավորված կերպով սպառնալով նոր պատերազմով։
ՌԴ ԱԳ նախարարի կամ նրա խոսնակի՝ ժամանակ առ ժամանակ դրսևորվող սրտացավության, բայց իրականում «փորացավի» սիմպտոմները Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը լավ են հասկանում, վերծանում են ըստ էության և ահաբեկվելու փոխարեն անում ադեկվատ եզրակացություններ։
Հ. Մ.
Բաց մի թողեք
Եթե Սարգսյանն ու Քոչարյանն էին «նորածին երեխայի»՝ ԼՂ-ի ծնողները, ապա ինչո՞ւ այդպես էլ չճանաչեցին իրենց «հայրությունը» կամ «մայրությունը»
«Պոզով-պոչով» այլանդակության մասին հայտնի էր դեռ շատ վաղուց՝ 2,7 միլիարդ դրամ, տասնյակ գույքեր
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել