09/12/2024

Քվե են տվել, որ Պուտինի առջև գլուխ խոնարհի՞, թե՝ նրա վիզը ոլորի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «կեղծ» է որակել արևմտյան երկու հեղինակավոր լրատվամիջոցի՝ «Վաշինգտոն փոստի» և Reuters-ի տեղեկությունը, որ նոյեմբերի 7-ին կայացել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Պեսկովն այդ տեղեկությունը համարել է այն ամենի ակնհայտ վկայություն, ինչ այսօր հրապարակվում է, երբեմն, նաև բավական հարգելի լրատվամիջոցների կողմից: «Նման խոսակցություն պարզապես չի եղել»,- ՏԱՍՍ-ի հարցման հակիրճ պատասխանն ամփոփել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Կրեմլի խոսնակի կտրուկ հերքումը, իհարկե, հիմք չէ, որպեսզի նրա մեկնաբանությունն ընդունվի որպես բացարձակ ճշմարտություն, իսկ արևմտյան մամուլի հրապարակումները՝ կեղծիք, հերյուրանք կամ երևակայության արդյունք: Մանավանդ որ Միացյալ Նահանգների ընտրված նախագահի թիմից համանման հերքում դեռևս չկա:

Արևմտյան մամուլի հրապարակումների հանդեպ հետաքրքրությունը կապված է ոչ այնքան Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի, որքան՝ այն արտահոսքի հետ, որ ԱՄՆ ընտրված նախագահն ունի ուկրաինական կարգավորման ծարգիր, որի նկատմամբ, իբր, Մոսկվան առնվազն անտարբեր չէ:

Եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, ապա խոսքն այն մասին է, որ Թրամփը, ըստ արտահոսքերի, առաջարկում է շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիայով հրադադար հաստատել, ձևավորել բուֆերային գոտի և քայլ առ քայլ անցնել մյուս հարցերի քննարկմանը: Ընդ որում՝ նա Ուկրաինային «առաջարկում է Ղրիմի մասին մոռանալ»:

Այս համատեքստում Պեսկովի պնդումը, որ նման խոսակցություն պարզապես չի եղել, կարելի է հասկանալ ոչ թե Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի «փաստը» հերքելու, այլ ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը» մերժելու իմաստով: Այս դեպքում էական չէ՝ «Վալդայ» ակումբի հարթակից Թրամփին շնորհավորելուց հետո կամ դրանից առաջ Վլադիմիր Պուտինը նրա հետ հեռախոսային շփում ունեցել է, թե՞ ոչ:

Սկզբունքային է, որ առաջին իսկ քայլերից Ռուսաստանի նախագահը Թրամփի «կախարդանքին չի տրվում»: Պուտինը ձգտում է մնալ, եթե կարելի է այսպես ասել՝ իր սուվերեն բարձրության վրա, եթե անգամ պատերազմը կանգնեցնելու և համաեվրոպական անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի հետ բանակցություններ սկսելու մեծ ցանկություն ունի կամ անհամբեր սպասել է Թրամփի հաղթանակին:

Ամերիկյան կողմը, հնարավոր է, իրոք տեղեկատվական զոնդաժ է կազմակերպել, որ մի նպատակ է հետապնդում՝ որքանով հնարավոր է՝ հասկանալ, թե Ռուսաստանի հավակնությունների սահմանը ո՞րն է: Եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ընդունեն, որ Ղրիմն այլևս ռուսաստանապատկան է, Պուտինը «Նովոռուսիայի» հարցում զիջումների կգնա՞: Ամերիկյան հեղինակավոր փորձագետներից մեկն իրավիճակը գնահատել է այնպես, որ Ուկրաինայում ավելի մեծ անելիքներ քարտեզագետներն են ունենալու:

Հերքելով Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին արևմտյան մամուլի հրապարակումները՝ Մոսկվան մերժո՞ւմ է ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը»: Նախնական տպավորությամբ՝ այո: Այդ հարցում հունիսի 14-ին ՌԴ նախագահն այնպիսի նշաձող է սահմանել, որից կես քայլ նահանջը հղի է նրա ոչ միայն ներքին, այլև միջազգային վարկանիշի այնպիսի անկմամբ, որ նա կարող է շատ թանկ արժենալ:

Դոնալդ Թրամփն իր հերթին չափազանց բարձր խաղադրույքով է իշխանության եկել: Էյֆորիան անցնելու է, և նրան հիշեցնելու են «ես Ուկրաինայում պատերազմը կկանգնեցնեմ մինչև երդմնակալություն» խոստումը:

Ոչ ոք հստակ չգիտի՝ միջին-վիճակագրական ամերիկացին նրան քվե է տվել, որպեսզի Պուտինի առջև գլուխ խոնարհի՞, թե՞՝ նրա վիզը ոլորի: Դա, երևի, միայն ինքը՝ ԱՄՆ 47-րդ նախագահը գիտի: Բայց նա պիտի իրեն հաշիվ տա, որ եթե Ղրիմի հարցով ամեն ինչ փակվելու լիներ, Պուտինը համաձայնության կգար դեռևս Օբամայի հետ: