Ադրբեջանական «Без тормозов» քարոզչական տելեգրամյան ալիքը շարունակում է օկուպացված Արցախից կադրեր հրապարակել` ցուցադրելով հիմնականում այն վայրերը, որոնք անթաքույց ենթարկվում են վանդալիզմի։
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, անդրադառնալով Արցախի մայր խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի տատիկ-պապիկ հուշարձանի վրա թողնված գրություններին, MediaHub-ին ասաց, որ պատմամշակութային ժառանգության ու ազգային հիշողության հետ կապված՝ Արցախից ամեն օր վատ լուրեր են սպասում։
«Այն հուշարձանները, որոնց մասին որևէ տեղեկություն դեռևս չունենք, այսինքն դեռ չի ցուցադրվել իրենց կողմից, կասկածի որդը մեզ ներսից ուտում է, որ շատ հնարավոր է այդ հուշարձանն էլ բարբարոսության է ենթարկվել։ Այն հակամարդկային, հակամշակույթային, հակաքաղաքակրթական և կրոնական անհադուրժողականության գործողությունները, որ կատարվում են Արցախում, ցավոք, հաշվի չեն առնվել այն երկրների կողմից, որոնց առաջնորդներն այս օրերին Բաքվում մասնակցում են COP29 միջոցառմանը։ Այսինքն, եթե կլիման են առաջ քաշում ու քննարկում են բնապահպանական հարցեր, ապա Ադրբեջանը հողին է հավասարեցրել գյուղեր, քանդել եկեղեցիներ, աղճատել է բնապահպանական լանդշաֆտը, մենք գիտենք, թե ինչ կանաչապատ տարածքներ էին, օրինակ, Քարինտակում, Սղնախում, Մոխրենեսում, Մեծ Թաղերում, որոնք ուղղակի հող են դարձել»,- նշեց նա։
Ադրբեջանցիները պղծել են տատիկ-պապիկ հուշաքանդակի ետնամասը։ Տարածված տեսանյութից պարզ երևում է, որ վերջիններս այնտեղ գրել են իրենց անուններն ու հասցեները, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ։
«Ադրբեջանցիների կողմից հնչեցված հակադրությունները միշտ եղել է և կա։ Մեկ անգամ չէ, որ ասել են, թե այդ հուշարձանն իրենցն է, ինչ որ անուն են հորինել, թե իբր նա է քանդակի հեղինակը, հաջորդ օրը կարող են պղծել։ Օրինակ՝ մի քանի օր առաջ մի երիտասարդ կին այցելում է «տատիկ-պապիկին», խոսում է իր կարոտից, մի քանի րոպե անց այնտեղ քարի վրա հուշագրություն է թողնում։ Երևի այդպես են փարատում իրենց կարոտը։ Ցավոք, նորից եմ կրկնում, մենք Արցախից միշտ վատ նորությունների ենք սպասում, որովհետև Ադրբեջան պետությունը «բուլդոզերի» պես քարուքանդ է անում Արցախի հայկականությունը»,- եզրափակեց Հայրապետյանը։
Բաց մի թողեք
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել
Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության շենքում է