«Հայաստանը հեռու է պահում իրեն ՀԱՊԿ բոլոր ֆորմատների հետ աշխատանքից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյո՞ք սպասվում է նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցություն: Աստանայի գագաթնաժողովնը, ըստ ամենայնի, պարունակելու է նշանակալի հարցեր և օրակարգ, հնարավոր է առնվազն հետնաբեմային տրամաբանության համատեքստով:
Համենայն դեպս, դրա մասին է վկայում, օրինակ, այն, որ այդ գագաթնաժողովին ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Մոսկվայում հանդիպում էր կազմակերպել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ, նաև առանձին հանդիպում ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:
Միևնույն ժամանակ, այդ գագաթնաժողովի առիթով կազմակերպվում է նաև ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական այց Ղազախստան, որի ուղղությամբ ևս իրականացվում է բավականին էական նախապատրաստական աշխատանք: Ղազախստանն այդ առումով ՀԱՊԿ համատեքստում ստացել է բավականին խորհրդանշական իմաստ, այն բանից հետո, երբ երեք տարի առաջ այդ երկրում ծավալված իրադարձություններին եղավ ՀԱՊԿ միջամտություն, ընդ որում՝ Հայաստանի նախագահությամբ:
ՀԱՊԿ կոնտինգենտը մուտք գործեց Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու, և դա, ըստ էության, ՀԱՊԿ պատմության աննախադեպ գործողություն էր: Իհարկե, այդ խորհրդանշականությունն ինքնին չի ենթադրում որևէ առանձնահատկություն նաև սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովի համատեքստում, սակայն, այդուհանդերձ, նկատելի է, որ ձևավորվում է մթնոլորտ, որը ունի «ոչ սովորական» տարրեր: Խոսքն անմիջականորեն ՀԱՊԿ-ին առնչվող կամ ՀԱՊԿ շրջանակի մթնոլորտի մասին չէ, այլ միջազգային, որտեղ նկատվում են նոր երանգների «ներմուծումներ»:
Դրանցից մեկը, օրինակ, Գերմանիայի կանցլեր Շոլցի հեռախոսազրույցն է Պուտինի հետ՝ շփումների երկամյա դադարից հետո, որ տեղի է ունենում այն բանից հետո, երբ հայտնի է դառնում Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձի մասին:
Միևնույն ժամանակ, Թրամփի վերադարձով խոսվում է ուկրաինական պատերազմի կագնեցման ուղղությամբ ակտիվ ջանքի մասին, ինչը նշանակելու է ավելի մեծ մասշտաբով էական քաղաքական սակարկություններ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև:
Այդ ամենը կարո՞ղ է բերել ՀԱՊԿ շրջանակում որոշակի «վերաիմաստավորման» խոսակցության: Միարժեք ասելը բարդ է, սակայն դրա անհրաժեշտությունը նշմարվել է դեռևս ամիսներ առաջ, երբ ՌԴ նախագահը հայտարարեց Եվրասիական մեծ անվտանգության համակարգի շուրջ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին:
Այդ «ոչ սովորականության» համատեքստում է թերևս ուշագրավ այն, որ Մոսկվայում Լավրովի հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ մասնակցել է նաև Հայաստանի դեսպանը: Պաշտոնական Երևանը հայտարարեց, իհարկե, որ դա չի նշանակում ՀԱՊԿ հետ հարաբերության սառեցման քաղաքականության վերանայում:
ՌԴ փոխարտգործնախարարն էլ գործնականում հայտարարում է, որ չի նշմարվում Երևանի քաղաքականության փոփոխություն: Այդուհանդերձ, ներկայիս իրավիճակում էականն այլևս քաղաքականության այդ անտուրաժը չէ, այլ հնարավոր միտումները:
ՀԱՊԿ-ը, ըստ էության, այլևս այն կառույցը չէ, որ ստեղծում է եղանակ կամ ազդում դրա վրա, այլ կառույցը, որն իր վրա է կրում ազդեցությունները՝ այդ իմաստով ստանալով ինդիկատորային նշանակություն:
Բաց մի թողեք
Թուրքիան Հալեպը գրավելու հետ կապ չունի՞, իսկ Արցախի հետ ունի՞ ․․․
Ալիևին կհաջողվի «պլստալ» բոլոր վայրենությունների համար պատասխանատվությունից
Պուտինի հայտարարությունը «ցտեսություն» չէ, այլ՝ «մնաք ոչ բարով»