Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Էդուարդ Հակոբյանը, որը ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ներքին գործերի նախարար է նշանակվել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակելու որոշմանը:
«Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա, բացի բոլոր դրական կողմերից, նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:
Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանատու աշխատանքում»,- գրել է նախարարը։
***
Ռուստամ Բադասյանի` ՊԵԿ նախագահի պաշտոնից անակնկալ կերպով ազատվելուց հետո ՊԵԿ-ում շունչները պահած սպասում էին, թե ով է լինելու հաջորդ ՊԵԿ նախագահը: Բադասյանից համակարգում դժգոհ չէին, ասում էին` բնավորությամբ մի քիչ չոր ու խիստ, ոչ այդքան մարդամոտ, բայց նաև ցիվիլ ու իր գործի գիտակ ղեկավար էր, և պրակտիկ էր` ինչ հանձնարարում էր, պետք է անպայման կատարվեր: Դրա համար զարմացած են մինչև հիմա, թե ինչու ազատվեց պաշտոնից:
ՊԵԿ-ում նաև անհանգիստ էին այս ընթացքում, որ հանկարծ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը չգա ՊԵԿ, քանզի այս ընթացքում հենց նրա անունն էր շրջանառվում որպես ՊԵԿ նախագահի հավանական թեկնածու:
Հիմա ՊԵԿ-ում կարող են հանգիստ շունչ քաշել, քանզի հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ կնշանակվի ներկայում դեռ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Հակոբյանը:
33-ամյա Հակոբյանը, որ մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է, դեռ նախկինների թվերից ֆիննախում աճած կադր է` նախարար Վարդան Արամյանի օրոք եղել է նախարարության մակրոտնտեսական վարչության պետի տեղակալը, հետո` վարչության պետ և հասել է ընդհուպ փոխնախարարի մակարդակի: Հետևաբար, ֆիննախի հետ օրգանական կապի մեջ գտնվող ՊԵԿ-ում նրան լավ են ճանաչում և դրական կարծիք ունեն իրենց ապագա ղեկավարի մասին: Ասացին` գրագետ ու կիրթ տղա է ու լավ մակրոտնտեսագետ: Կարելի է ասել` այս կառավարության բոլոր քիչ թե շատ պրոֆեսիոնալ կադրերը հիմնականում հենց նախկիններից եկածներն են, Էդուարդ Հակոբյանն էլ բացառություն չէ:
Բայց պրոֆեսիոնալ կադր լինելը բավարար չէ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատելու համար: Նշանակված պաշտոնյան պետք է նաև կիսի և շարունակի այն քաղաքականությունը, որը մշակել և հանրությանը հրամցրել է իրեն այդ պաշտոնում նշանակած մարդու քաղաքական թիմը:
Իր դեպքում խոսքը ավելի շատ բյուջետային քաղաքականության մասին է: Մասնավորապես, 2025 թվականի բյուջեի նախագիծը, որ ի պաշտոնե ներկայացնում էր նախարար Վահե Հովհաննիսյանը, ասացին` հենց Էդուարդ Հակոբյանն է, որպես մակրոտնտեսագետ, կազմել և կանխատեսել: Ոլորտի մասնագետների կարծիքով` շատ անիրատեսական կամ դժվար իրականացվող բյուջե է կազմվել, որը գուցե նաև քաղաքական հրահանգ է եղել: Իսկ ֆիննախի կանխատեսած բյուջեն դեռ պետք է իրականություն դարձնի ՊԵԿ-ը: Ու այստեղ է, որ, մեր տեղեկություններով, Ռուստամ Բադասյանը բախում է ունեցել կառավարության և ֆինանսների նախարարության հետ, քանի որ վերջին տարիներին, ասում են, ֆիննախը բյուջեն կազմելիս չի խորհրդակցել ՊԵԿ-ի` որպես իր մշակած քաղաքականությունն ու բյուջեի նախագծում դրված թվերը գործնականում իրականացնող մարմնի հետ:
Վարկած կա, որ Բադասյանի ազատման պատճառը հենց սա է եղել, որ ասել է` սա իրատեսական բյուջե չէ, և ՊԵԿ-ը չի կարող 2025 թ. բյուջեի նախագծի հիմքում դրված թվերը կյանքի կոչել:
Արդյունքում ազատման դիմում է գրել ու հեռացել: Հիմա մտադիր է մասնավոր ոլորտում իր գործունեությունը շարունակել:
Ու քանի որ բյուջեի նախագիծը կազմողը հենց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն է եղել, Նիկոլ Փաշինյանը, ասում են, հենց այդ նպատակով էլ նրան առաջարկել է զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը, որ գա իր գրած բյուջեն իրականացնի: Ասել է թե` «դու գրել ես, դու էլ կատարիր»:
Հիմա Էդուարդ Հակոբյանը պետք է արդեն բյուջեն կատարողի կարգավիճակում սեփական մաշկի վրա զգա, թե որքանով է իր իսկ կազմած բյուջեն իրագործելի:
Բաց մի թողեք
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի սուպերմարկետում. Լապշին
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան 20 տարեկան է, մեծ տոն, հրաշալի միջոցառում էին կազմակերպել. Լուսանկարներ
Եվրոն ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են