17/01/2025

Ադրբեջանի նկատմամբ ԱՄԷ-ի հետաքրքրությունը, Իրանը կկորցնի Ապշերոնի «միջնաբերդը»

Ռուսաստանցի միլիարդատեր Արազ Աղալարովի որդին՝ շոումեն Էմին Աղալարովը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է, մտադիր է Ապշերոնի Նարդարան ավանի տարածքում խաղատուն կառուցել:

Այդ մասին նա խոսել է Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում: Աղալարովի ներկայացմամբ՝ «Ադրբեջանի կառավարությունը քննարկում է այդ առաջարկությունը»:

Նարդարանում Էմին Աղալարովը կառուցել է հանգստյան գոտի՝ «SeaBreeze», որտեղ, ի դեպ, օգոստոսին մեկ շաբաթ ապրել է Պավել Դուրովը՝ ակնկալելով, որ կհանդիպի պետական այցով Բաքու ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: MeydanTV-ի տեղեկացվածությամբ՝ Աղալարովի հանգստյան գոտում հյուրընկալվել են COP29-ի մի շարք բարձրաստիճան հյուրեր:

Ներկայացնելով իր ծարգիրը՝ Էմին Աղալարովն ասել է, որ հանգստյան գոտին, բարձրակարգ հյուրանոցները և «միջազգային նշանակության խաղատունը Նարդարանը կվերածեն կովկասյան Լաս Վեգասի»:

Ադրբեջանում առանց Իլհամ Ալիևի համաձայնության նման հավակնոտ ծրագիր հնարավոր չէ իրականացնել: Անցած օգոստոսին Աղալարովների ֆեյսբուքյան ընտանեկան էջը լուսանկարներ է հրապարակել, որ Էմինին պատկերում են Իլհամ Ալիևի հետ էլեկտրամոբիլով զբոսնելիս: Մեկ լուսանկարում Էմինը մոր և նախկին կնոջ՝ Լեյլա Ալիևայի հետ է: Այդ բացահայտումն, ըստ երևույթին, Աղալարովներն արել են, որպեսզի ընդգծեն Ադրբեջանի իշխող ընտանիքի և իրենց գործարար շահերի ընդհանրությունը:

Դա մեծ գաղտնիք չէ, բայց խնդիր է, թե ինչու՞ հենց Նարդարանն է հանձնվել Էմին Աղալարովին: Այդ ավանը հայտնի է որպես Բաքվի և Ապշերոնյան թերակղզու շաիադավան հավատացյալների կենտրոնատեղի, որտեղ աշխարհիկ իշխանության ազդեցությունը չափազանց թույլ է: Նարդարանում տիրապետում է շարիաթը, մարդիկ անգամ հրաժարվում են աղջիկներին հանրակրթական դպրոց ուղարկել:

Հավատացյալների դեմ իշխանության հետապնդումների հողի վրա վերջին տարիներին Նարդարանում բնակչության և ոստիկանության միջև զինված բախումների մի քանի դեպք է արձանագրվել, տասնյակ անձինք ձերբակալվել և դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման:

Նարդարանի «ֆենոմենը», սակայն, այն է, որ շիադավան հավատացյալները չեն ճանաչում նաև իշխանությունների կցորդ հոգևոր առաջնորդին, չեն ընդունում կառավարության կրոնի հարցերով կոմիտեի կողմից նշանակված կրոնական սպասավորներին: Ավանն ունի համայնքի կողմից ընտրված հոգևորականների խորհուրդ, որ լուծում է ամուսնության, ընտանեկան վեճերի հետ կապված հարցերը:

Ադրբեջանի իշխանությունները Նարդարանը համարում են Ապշերոնում իրանական ազդեցության «միջնաբերդ»: Ավանդապաշտ ավանի տարածքում «միջազգային նշանակության խաղատան» բացումն, ամենայն հավանականությամբ, հետապնդում է նաև Նարդարանը հոգեւոր –քաղաքակրթական վերափոխման ենթարկելու նպատակ:

«Արաբական միապետությունների օրինակը վկայում է, որ խաղատնային բիզնեսը հնարավոր է համատեղել ավանդույթների հետ և զբոսաշրջությունից բարձր եկամուտներ ապահովել», նարդարանյան իր ծրագրի արդյունավետության մասին ասել է Էմին Աղալարովը: Փաստացի խոսքը վերաբերում է Աղալարով-Ալիև ընտանեկան բիզնեսին, որ, երևում է, կունենա նաև Պարսից ծոցի արաբական երկրների աջակցությունը:

Ըստ երևույթին, նաև խաղատնային բիզնեսի հեռանկարով է պայմանավորված Ադրբեջանի նկատմամբ Արաբական միացյալ էմիրությունների հետաքրքրությունը: Արդյունքում, հավանաբար, Նարդարանն իրոք կկերպափոխվի: Եվ Իրանը կկորցնի Ապշերոնի «միջնաբերդը»: