17/01/2025

Թուրքիային մնա՝ կպատերազմի Իսրայելի դեմ, իսկ Ադրբեջանը

Թուրքական մամուլը, հղում անելով բրիտանական աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանը հեռանում է Տարտուսից: Խոսքը Սիրիայում ռազմածովային ուժերի հենակայանի մասին է, որտեղ Ռուսաստանն ունի մեկ սուզանավ և չորս ֆրեգատ:

Ենթադրվում է, որ ռուսական նավատորմիղը կտեղափոխվի Բալթիկ ծով: Հավանականությունը, որ գործ ունենք տեղեկատվական սադրանքի հետ, չափազանց բարձր է, բայց «խայծն» ուշադրության արժանի է գոնե այնքանով, որ ցանկալին ներկայացվում է որպես իրողություն:

«Մենք լավ գիտենք Իրաքի և Սիրիայի աշխարհագրությունը: Բաշար Ասադը պետք է ընդունի, որ ստեղծված իրավիճակում դժվար է գոյատևել: Մենք անկեղծորեն հույս ենք պահում, որ Սիրիայում շուտով կայունություն կհաստատվի: Ասադը չի սեղմել Թուրիայի պարզած ձեռքը, բայց մեր կարծիքով դեռևս ուշ չէ: Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսությունն առաջին հերթին օգտակար կլինի Ասադին և նրա երկրին»,- ասել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին:

Նա խորհրդարանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է և փաստացի հնչեցնում է պաշտոնական Անկարայի տեսակետը, որ նախօրեին դիվանագիտական այլասացությամբ հնչեցրել է արտաքին գործերի նախարար Ֆիդանը՝ իրանցի պաշտոնակից Արաղչիի հետ բանակցություններից հետո:

Այդ հանդիպմանը զուգահեռ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը հայտարարել է, որ թեև Ասադի վարչակազմին պատերազմ հայտարած խմբավորումները որակված են «ահաբեկչական»՝ Վաշինգտոնը չի խոչընդոտի, եթե նրանք շարժվեն Դամասկոսի ուղղությամբ»:

Թուրքիան, ըստ էության, Ասադին տապալելու ամերիկյան ծրագիրը չի ընդունում կամ այս փուլում Դամասկոսի գրոհը նպատակահարմար չի տեսնում: Ըստ երևույթին՝ Էրդողանն զգուշանում է, որ Միացյալ Նահանգները ծուղակ են ստեղծում: Ուշագրավ է, որ իսրայելական լրատվամիջոցները Սիրիայում իրավիճակի սրացմանը չափազանց զգուշավոր են վերաբերվում: Լրատվամիջոցներից մեկը թույլ է տվել արձանագրել, որ «Սիրիայի հետ Իսրայելի հյուսիսային սահմանին վերջին մի քանի տարում հանգստություն է տիրել»:

Երուսաղեմում, երևում է, վստահություն չունեն, որ Ասադի վարչակազմի տապալման դեպքում Սիրիայում իշխանության չեն գա արմատական ուժեր և հրեական պետությունը թշնամի չեն հռչակի: Նոյեմբերի 27-ին կառավարական ուժերին պատերազմ հայտարարած ուժերի միջուկը «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբավորումն է, որ «ջիհադի»՝ սրբազան պատերազմի գաղափարակիր է և գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո:

Սիրիայում իրավիճակի սրացմանը նախորդած երկու-երեք շաբաթների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ պնդել է, որ Իսրայելը «նոր տարածքներ գրավելու և Մերձավոր Արևելքը փոխակերպելու ծրագիր է իրականացնում»:

Փաստացի ստացվում է, որ «նոր Մերձավոր Արևելքի» նախագիծ Թուրքիան ունի, ինչի մասին արտահայտվել է թուրք ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Բահչելին՝ ակնարկելով Սիրիայի և Իրաքի աշխարհագրությունը: Ըստ էության, նա ասում է, որ Սիրիան, Իրաքը և ամբողջական Պաղեստինը «հարյուր տարի առաջ օսմանյան տարածքներ էին»:

Էրդողանը, իհարկե, հրապարակային խոսքում սատարում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, Պաղեստինի խնդրի կարգավորումը տեսնում «երկու պետություն» սկզբունքով, բայց խորքային իմաստով Թուրքիան հավակնում է նախկին օսմանյան տարածքներին՝ առնվազն Սիրիայի, Իրաքի և Պաղեստինի նկատմամբ պրոտեկտորատ հաստատելու միջոցով:

Պարտադիր չէ, որ Թուրքիայի այդ «մանդատը» ՄԱԿ-ի կողմից ճանաչվի: Բավական է, որ Իրաքը և Սիրիան Թուրքիայի հետ «բարեկամության և համագործակցության մասին» թուրքական պայմաններով պայմանագիր ստորագրեն:

«Իսրայելում առայժմ ուշի ուշով հետևում են սիրիական իրադարձություններին, բայց դեռ չեն միջամտում»,- գրում է իսրայելական լրատվամիջոցը: «Առայժմ չեն միջամտում»՝ չի նշանակում, թե «չեն միջամտի»: Պատմական Միջագետքի և Պաղեստինի թուրքական ներկալումը, լինի դա ուղղակի, թե փոխադարձ պայմանավորվածությամբ՝ Իսրայելի համար իրոք էքզիստենցիալ սպառնալիք է: