12/12/2024

Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ-ից, ուստի՝ Բայրամովը հրաժարվել է հանդիպել Միրզոյանին

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հրաժարվել է Մալթայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվուն հրաժարվել է, քանի որ դժգոհ է Վաշինգտոնի քաղաքականությունից: Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ադրբեջանը համարում է, որ Բայդենի վարչակազմը վարում է կանխակալ քաղաքականություն և, այդ պատճառով իրենք դեմ են ԱՄՆ միջնորդությամբ հանդիպմանը:

Սա փոքր-ինչ տարօրինակ ձևակերպում է, քանի որ, օրինակ 2024 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ Նյու Յորքում նույն պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ եռակողմ արտգործնախարարական հանդիպում, ԱՄՆ քաղաքականությունը, այդ թվում՝ Ադրբեջանի հանդեպ, կարծես թե չի ենթարկվել այնպիսի փոփոխության, որը Բաքվին թույլ կտար անել նմանօրինակ բնորոշում: Հետևաբար, բանը, թերևս, Վաշինգտոնը չէ, կամ համենայն դեպս Վաշինգտոնի «կանխակալությունը» չէ:

Չի բացառվում, որ Ադրբեջանը հրաժարվել է, որովհետև Ջո Բայդենի վարչակազմն ու պետքարտուղար Բլինքենը պարզապես հեռացող են, նրանց պաշտոնավարմանը մնացել է մեկուկես ամիս ժամանակ, և բարդ է պատկերացնել, թե այդ ընթացքում հնարավոր է որևէ էական համաձայնություն ապահովել հայ-ադրբեջանական գործընթացում: Ըստ այդմ՝ Բաքուն գուցե պատրաստվում է պարզապես կոնտակտի մեջ մտնել արդեն Թրամփի վարչակազմի հետ:

Միևնույն ժամանակ, պետք չէ բացառել, որ հանդիպումից խուսափելու պատճառը նաև այն է, որ Ադրբեջանը պարզապես տեսնում է միջազգային տուրբուլենտության աճի որոշակի հնարավորություն՝ ելնելով նաև հենց այն հանգամանքից, որ տուրբուլենտության աղբյուր կարող է լինել ԱՄՆ համար անցումային շրջանը, և չունենալով հանդիպում՝ չկաշկանդվել հնարավորության դեպքում էսկալացիայի միջոցով որևէ հարց լուծելու համար:

Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է դրան, բավականին նկատելի է: Կստանա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, սա արդեն հարցի մյուս կողմն է: Այդ տեսանկյունից, եթե ԱՄՆ վարչակազմը ունի Կովկասում կայունության առումով որևէ գործնական ազդեցության հնարավորություն ու մտադրություն, ապա թերևս պետք է գործադրի այն անկախ հանդիպման փաստից: