ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։
«Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև հնարավորություն է տալիս մեր երկիրը ներկայացնել արտաքին լսարանին և դիրքավորել այն բարձր մակարդակով։
2025 թվականին նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտության դեպքում կավելացնենք բյուջետային միջոցները։ Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։
Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և մենք կմեկնարկենք նաև TRIP ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը էապես կփոխի մեր երկրի զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ»։
Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է ոլորտի 2024 թվականի ձեռքբերումներն ու 2025 թվականի ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են ոլորտի կայուն զարգացման և առաջընթացի մասին։
- 2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,926,405։
- 2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% անկում։
- 2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։
- 2024 թվականին Հայաստանն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, որոնցից են՝
- Lonely Planet՝ 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղություն։
- Wanderlust Magazine՝ լավագույն 10 զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։
Ճամփորդական լրագրողների իտալական ասոցիացիա՝ Վայոց Ձորին շնորհվել է լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն մրցանակը։
2024թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ ոլորտի կանոնակարգման նպատակով։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, ինչի արդյունքում օտարերկրյա մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը։
Միջոցառումը եզրափակվել է զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկումներով։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 12-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Անկում
Դեկտեմբերի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը էժանացել են
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Գալստյան