Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին։ Վլադիմիր Վլադիմիրովիչը սպառնում է միջուկային հարված հասցնել նրանց, ովքեր կփորձեն հարվածել Ռուսաստանին, նաեւ նրանց, ովքեր կօգնեն այդ գործում ԱՄՆ-ին։
Վերջինս էլ, իր հերթին, հայտարարում է, թե իրենք պատրաստ են միջուկային պատերազմի։ Ծերուկ Բայդենն աշխատում է մինչեւ Թրամփի գահակալումը ավարտին հասցնել իր ծրագիրը՝ չմտածելով, որ հարվածի տակ է դրվում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Երկիր մոլորակը։
Դեռ անցած դարի 70-ական թվականներին հաշվարկել էին, որ 8 ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունը կարող է Երկիր մոլորակը հանել ուղեծրից։ Իսկ այսօրվա մարտագլխիկներն ավելի հզոր են, եւ բավական է 4 մարտագլխիկի միաժամանակյա պայթյուն, որպեսզի Երկիրը դատարկվի իր բոլոր շնչավորներից։ Այդ տեսակետից վիճակն այժմ ավելի տագնապալից է 1962 թվականի «Կարիբյան ճգնաժամից»։
Օրերս ամերիկյան իշխանավորներից մեկը հայտարարեց, որ եթե ՌԴ-ի հանդգնությանն իրենք չպատասխանեն ատոմով՝ կկորցնեն աշխարհում առաջատարի (հեգեմոն) դերը։ Ստացվում է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ նահանգները պատրաստ են ոչնչացնել մոլորակը, մեկը հանուն իր առաջատարությունը պահպանելու, մյուսը` հանուն կանխելու համաշխարհայնացումը (գլոբալիզացիան) եւ Ուկրաինայի դեմ պատերազմն ավարտելու իր օգտին։ Այն ժամանակ գոնե ԱՄՆ-ում իշխանության գլուխ կանգնած էր ավելի ողջամիտ ղեկավար` Ջոն Քենեդին, այսօր Պենտագոնն օգտագործում է ծերուկ Բայդենին այնպես, ինչպես ժամանակին Բրեժնեւին օգտագործում էր կրմլյան ծերակույտը։
Լրահոսը հաղորդում է նաեւ, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ՆԱՏՕ-ի ուժերով հարձակում ձեռնարկել Բելառուսի դեմ։ Այս պարագայում Ռուսաստանը հաստատ ձեռնպահ չի մնա, եւ… կենացները կքաղցրանան։ Չլինի՞ մարդկությունը խելքը հացի հետ կուլ է տվել… Հե՜յ, հոգեբույժներ, որտե՞ղ եք: Մինչեւ ո՞ւր են, տեսնես, մտադիր ցած գլորվելու Ռուսաստան-Հավաքական արեւմուտք երեք տարի չդադարող ռազմական դիմակայության հրձիգները: Մինչեւ անցած դարի 60-ականնե՞ր, երբ մազ էր մնում «Կարիբյան ճգնաժամը» վերածվեր համամարդկային գեհենի: Բարեբախտաբար՝ սթափ դատողությունն այն ժամանակ հաղթանակեց, ու արժե դասեր քաղել անցյալի սխալներից եւ, ինչու չէ, նաեւ լավագույն փորձից:
Հիշեցնենք, որ 1960-ականներին ԱՄՆ-ԽՍՀՄ սպառազինությունների մրցավազքը հասել էր վտանգավոր հանգրվանի, որի գագաթնակետը 1962 թվականի «Կարիբյան ճգնաժամն» էր: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Ռազմավարական միջուկային ուժերում ԽՍՀՄ-ի նկատմամբ առավելության հասնելու մոլուցքով՝ Վաշինգտոնի ռազմաքաղաքական ղեկավարությունը 1961թ.-ին Թուրքիայում տեղակայում է 15 միջերկրածովյան հրթիռներ, որոնք ի զորու էին խոցել 2500 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ: Այսինքն՝ հրթիռները կարող էին մարտագլխիկներ հասցնել Խորհրդային Միության արդյունաբերական խոշոր կենտրոններ՝ ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Մոսկվա:
Խորհրդային մասնագետները՝ հասկանալով, որ դա ուղղակի սպառնալիք է ԽՍՀՄ-ի անվտանգությանը, որոշեցին միջուկային հարվածի գերակայություն ապահովել ԱՄՆ-ի նկատմամբ փոխադարձ քայլով` Կուբայի տարածքում տեղակայելով միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռներ, որոնք ունեին 4000 կմ հեռավորության վրա անհրաժեշտ թիրախը խոցելու հնարավորություն, եւ կարող էին ԱՄՆ խոշոր արդյունաբերական կենտրոններին եւ մայրաքաղաք Վաշինգտոնին հարվածներ հասցնել 20 րոպեից ոչ պակաս ժամանակով, ինչը կրկնակի գերազանցում էր հակառակորդի համապատասխան ցուցանիշը։
1962թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ԱՄՆ նախագահի եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին, Վաշինգտոնում՝ Արդարադատության դեպարտամենտի շենքում, հանդիպեց ԽՍՀՄ դեսպանի հետ եւ նրան տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, եւ եղբայրը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Կուբայի շրջափակումը վերացնելու համար, եթե ԽՍՀՄ-ը համաձայնվի իր հրթիռները դուրս բերել այնտեղից։ Դեսպանն, իր հերթին, պահանջներ ներկայացրեց Թուրքիայում գտնվող ամերիկյան հրթիռները դուրս բերելու մասով: Քենեդու խոսքով՝ «եթե դա միակ խոչընդոտն է խաղաղության հասնելու համար, ապա նախագահն անհաղթահարելի դժվարություններ չի տեսնում»։
Ու որքան էլ բանակցությունների ժամանակ ՆԱՏՕ-ն եւ նրա անդամ Թուրքիան խստորեն դեմ էին այդ քայլին՝ համարելով, որ Թուրքիայից «Յուպիտեր» հրթիռների դուրսբերումը կընկալվի Միացյալ նահանգների թուլության նշան եւ կասկածի տակ կդնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանված լինելու երաշխիքները, հաջորդ օրն առավոտյան ԱՄՆ նախագահը հեռագիր ուղարկեց Մոսկվա, որտեղ նշված էր, որ հրթիռների դուրսբերման դեպքում Միացյալ նահանգները երաշխավորում է, որ չի հարձակվի Կուբայի վրա եւ կվերացնի շրջափակումը։ Մոսկվան ընդունեց պայմանը, եւ որոշ ժամանակ անց ԽՍՀՄ հրթիռները դուրս բերվեցին Կուբայից, իսկ ԱՄՆ-ինը՝ Թուրքիայից:
Անշուշտ, «Կարիբյան ճգնաժամի» առաջացումը եւ նրա շուրջ զարգացումների ընթացքը շատ ավելի բարդ ու խորն էին, քան դա երեւաց վերը բերված սեղմ նկարագրությունից, որից դուրս մնացին բազմաթիվ մանրամասներ եւ նրբերանգներ: Գործընթացը դանդաղ, բայց հետեւողականորեն հանգեցրել էր լուրջ առճակատման, մոլորակը երբեք այդքան մոտ չէր եղել միջուկային պատերազմին: Խորհրդային Միության ղեկավարությունը գործին լծել էր իր կադրային զինանոցի լավագույն ներկայացուցիչներին, որոնց թվում կային ռազմա-քաղաքական, գիտական, դիվանագիտական ոլորտների կարողունակ ուժեր:
Ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման գործում առանցքային դերակատարում ունեցավ մեր հայրենակից Անաստաս Միկոյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Խորհրդային միության Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: Շատերի համար ցայսօր հանելուկ է մնում, թե ինչպես եղավ, որ Կոսիգինի եւ Գրոմիկոյի պես «ուղեղներ» ունեցող Կրեմլը որոշել էր Ֆիդել Կաստրոյի հետ չափազանց պատասխանատու եւ դժվար բանակցություններին գործուղել հենց Միկոյանին: Պահն օրհասական էր, եւ տվյալ կոնկրետ իրավիճակում պահանջվում էր ոչ միայն դիվանագիտական հմտություններով օժտված, հեղինակավոր գործիչ, այլեւ Կուբայի ղեկավարության վստահությունը վայելող միջնորդ:
Կարիբյան հայտնի դեպքերից երկու տարի առաջ՝ 1960թ.-ին, Միկոյանն այցելել էր Կուբա, որտեղ ստորագրել էր Հավանայի համար շատ կարեւոր առեւտրային համաձայնագիր: Այցի ընթացքում Անաստաս Իվանովիչը անձնական լավ կապեր էր հաստատել Ֆիդել Կաստրոյի, Էրնեստո Չե Գեւարայի ու Կուբայի հեղափոխական այլ առաջնորդների հետ: Եվ 1962 թվականին նրան էր վիճակված դառնալ միջուկային պատերազմի սպառնալիքի լուրջ վտանգի տակ հայտնված մոլորակի փրկիչներից մեկը: Իսկ Մոսկվայում այդժամ մահամերձ էր Միկոյանի կինը, որին նա այլեւս չտեսավ։
Սերգեյ Աբազյան; Գեւորգ Բրուտենց; Հայացք Երևանից
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»