Սնանկության դատարանի նախկին դատավորներ Գևորգ Նարինյանին, Արա Կուբանյանին և վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։
Նարինյանին ուղղված ծանուցագրում մասնավորապես նշված է, որ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։
Արա Կուբանյանին փոխկապակցված անձ Լևոն Կուբանյանին ուղարկված ծանուցագրում էլ նշված է, որ Դատախազության վերոհիշյալ վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել Արա Կուբանյանին պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, «ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»: Ըստ Դատախազության՝ բռնագանձման է ենթակա նաև Կուբանյանին փոխկապակցված մեկ այլ անձի՝ Աղավնի Կուբանյանին պատկանող գույքը։
Նշենք, որ Գևորգ Նարինյանին, Արա Կուբանյանին, ևս երկու անձի՝ Աշոտ Խաչատրյանին, Տիգրան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, գործը 2022-ին ուղարկվել է դատարան։ Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
Արա Կուբանյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի որոշմամբ 2023 թ. փետրվարից (նախքան այդ կասեցված լիազորություններով) դատավորներ Նարինյանն ու Կուբանյանը դադարել են պաշտոնավարել։







Բաց մի թողեք
Խորեն Ղազարյանի կնոջն ու դստերը սպանողը վերջապես ձերբակալվել է․ Լուսանկարներ
Պարզվել են երեկ Երևանում՝ Կիևյան կամրջի վրա, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը. Լուսանկար
Պապը մեղադրվում է անչափահաս թոռների ներկայությամբ անառակաբարո արարքներ կատարելու համար. նա կալանավորված է