13/12/2024

Աղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան

Հանրային ՀԸ եթերում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի գործողություններին:

«Օրինակ վարչապետը բանակցություններից եկել, խմբակցությանը մանրամասներ է պատմել և ուղիղ ասել, որ դրանք հրապարակման ենթակա չեն, իսկ Աղազարյանը դրա հետ կապված նույնպես արտահոսք է կազմակերպել: Ընդ որում, երբ դա հայտնի է դարձել, նա չի հերքել: Ինձ և «Քաղաքացիական պայմանագրի» համար դա աններելի, մեծագույն մեղք է, և դրա համար մենք պարոն Աղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ խմբակցությունից և կուսակցությունից»,- ասաց Ռուբինյանը:

Ըստ Ռուբինյանի, եթե Ասլանյանը հայտարարում է, որ Աղազարյանի գործողություններում խնդիր չի տեսնում, կարելի է եզրակացնել, որ նա խնդիր չի տեսնում ինչ-որ թերթի ինֆորմատոր լինելու մեջ, կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը ինչ-որ թերթի կամ թերթոնի տալու մեջ:

«Պարոն Ասլանյանը հետո ասաց, որ զղջում է, բայց դա անլուրջ է և կարևոր է, որ մարդ պատասխանատու լինի իր արարքի համար: Դրա համար մենք պարոն Ասլանյանին հեռացրել ենք խմբակցությունից և առաջարկում ու պնդում ենք, որ մանդատը դնի, ինչը անում ենք նաև Աղազարյանի դեպքում»,- ասաց Ռուբինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։

Նա դիմել էր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտար պարզաբանումներ:

Ժամեր անց հայտնի դարձավ, որ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:

Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը ևս հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից: