19/12/2024

500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ․ գողության դեպք Արմավիրում

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն:

Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է նշված տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեկտեմբերի 4-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություն, ըստ որի` մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ Այգեկ գյուղի Երևանյան խճուղում գտնվող վճարային տերմինալի դուռը կոտրել ու գումար են հափշտակել:

Նույն օրը նրանցից երկուսը` 24 և 23 տարեկան երիտասարդները, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տարված բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին արարքը։

Պարզվեց, որ երիտասարդները, իրենց 19-ամյա ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, վարձով վերցրած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով նոյեմբերի լույս 5-ի գիշերը մեկնել են Արմավիրի մարզի Այգեկ գյուղ, կոտրել տերմինալի դուռը և գողացել շուրջ մեկուկես միլիոն դրամ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Երկու դեպքով անցնող անձինք ձերբակալվել են։

Հանգամանքները պարզվում են: