23/12/2024

«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին

Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմում է գրել՝ բողոքարկելով քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրությունը։

Երեկ գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտվելու համար:

Աննա Վարդապետյանին ուղղված դիմումի մեջ Ճարոյանը գրել ՝ հանձնարարեք հսկող դատախազին, որպեսզի նա դիմումի հիման վրա արձանագրություն կազմի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին, եւ հանձնարարի քննիչին՝ նախաքննություն իրականացնել։

«Քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը իրավունք ունեմ բողոքարկել հսկող դատախազին, նրա որոշումը՝ վերադաս դատախազին։ Քննիչի՝ ինձ հասցեագրված որոշումը, քանի որ հաստատվել է հսկող դատախազի կողմից, գրության օրինականությունը ստուգելու համար դիմել եմ գլխավոր դատախազին»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճարոյանը։

Ուշագրավ է, որ Աննա Վարդապետյանին հասցեագրված բողոքի նախաբանում՝ փաստաբանը հղում է արել Սեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի հետեւյալ պարբերությունը․ «Եթե դու ինչ-որ բան ես ուզում, դու պարտավոր ես հասնել դրան, եւ թքած բոլոր սկզբունքների, եւ ուրիշների կարծիքների վրա»։

Այսպես է փաստաբանը մեկնաբանում․ «Ես այս սկզբունքով եմ իմ փաստաբանական գործունեությունը իրականացնում, եւ ինձ չի հետաքրքրում, թե իմ գործունեության վերաբերյալ ով ինչ կարծիք կկազմի»։