25/12/2024

ՀՀ-ին պահանջներ ներկայացնելուն զուգահեռ Ալիևը շարունակում է զենք գնել Իսրայելից

Թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, որոնցից մեկը վերաբերում է Զինված ուժերին: Մասնավորապես, Փաշինյանի «կիրթ» գործընկերը պահանջում է նրանից, որպեսզի Հայաստանը գումար չծախսի զենծ գնելու վրա:

«Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի: Ես բազմիցս խոսել եմ այս մասին, և նրանք գիտեն, որ իմ խոսքերը պետք է լսել։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ», – ասել է Ալիևը նոյեմբերի 8-ին իր ուղերձում:

Նմանատիպ հայտարարություններ ադրբեջանցի առաջնորդը հնչեցնում է պարբերաբար՝ սկսած 2020 թվականից: Նույնը պահանջում էր նաև Արցախից՝ զինաթափել ՊԲ-ն, իսկ որոշ ժամանակ անց Արցախը սկուտեղի վրա նվեր ստացավ Փաշինյանից:

Մինչդեռ ինքը՝ Ալիևը, շարունակում է զինատեսակներ գնել, սպառազինություն ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից, բայց հիմնականում հավատարիմ գործընկեր Իսրայելից: Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում բանակի հագեցման համար, ընդ որում հայտնի փաստ է՝ Ադրբեջանը գնում է հարձակողական բնույթի սպառազինություն:

Եվ այդ գործընթացը շարունակում է նաև այս օրերին, երբ պահանջում է Հայաստանից զենք չգնել:

Լրագրող Դավիթ Գալստյանը, որ պարբերաբար հետևում է Բաքու ենթադրաբար զենքով բարձված ինքնաթիռների երթուղիներին, ֆիքսել է հետևյալ չվերթը՝  Օվդա (Իսրայել)-Բաքու ուղղությամբ:

Ինչպես նշում է լրագրողը, այս  տարի սա արդեն +/-25-րդ զենք տեղափոխող ինքնաթիռն է, որ այս երթուղով անցնում է։ «Գնում/գալիս են նաև Թուրքիա, Բուլղարիա, Սերբիա, Պակիստան (երևացողները)»,- ավելացրել է նա:

Իսկ ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս ամենին ընդամենը արձագանքել է. «Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ․․․»։

«…Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել, բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի:
Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է», – մասնավորապես ասել էր Փաշինյանը վերջին հարցազրույցում։